Մատչելիության հղումներ

Նոր Հայաստանում ճշմարտությունը պետք է բացահայտվի. Սիլվա Համբարձումյան


Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և մյուսների գործով անցնող մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել դատարան այս գործը վերաբացելու դեմ։

Այսօրվա դռնփակ նիստը դեռ չմենարկած՝ 2 անգամ ընդմիջվեց. քննիչն ուշանում էր։ Հետո, երբ քննիչը ներկայացավ՝ նիստը հետաձգվեց. դատարանը պետք է քննիչի ներկայացրած նյութերին ծանոթանա: Մյուս նիստը ևս դռնփակ կլինի, քանի որ, դատավոր Վարդան Գրիգորյանի պարզաբանմամբ, քննիչի կողմից ներկայացված փաստական տվյալներում որոշ մարդկանց անձնական և բանկային գաղտնիքներ պարունակող տեղեկություններ կան:

Գործարար Սիլվա Համբարձումյանը, հիշեցնենք, պնդում է, որ հետախուզման մեջ գտնվող և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը հանքերի շահագործման լիցենզիա տրամադրելու
համար 2008-ին իրենից 14 մլն դոլար է պահանջել և ստացել: Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում Համբարձումյանը ասել էր, որ գումարի մի մասը՝ 8 միլիոն դոլարը, նախկին նախարարին փոխանցել է հենց Արաքս Դիլանյանի միջոցով: Վերջինիս բանկային հաշվեհամարը, ըստ Համբարձումյանի, իրեն տվել է անձամբ Արամ Հարությունյանը:

Արաքս Դիլանյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է՝ չի եղել նման բան, իսկ գործը վերաբացվելու համար «բավարար ապացույցներ չկան»:

Մինչդեռ Սիլվա Համբարձումյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ գործը կարճել է այն ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ քաղաքական կամք չի եղել այն բացահայտելու:

Դիլանյանի փաստաբանը սա էլ է հերքում ու ընդգծում՝ նախկինում գործը կարճվել է, որովհետև քննիչը նշել էր, թե արժանահավատ չէ, որ մի քանի լիցենզիաների համար 14 մլն կաշառք վճարված լինի:

Գործարար Սիլվա Համբարձումյանը պնդում է՝ նոր երևան եկած հանգամանքով գործը վերաբացվել է, որովհետև նոր Հայաստանում ճշմարտությունը պետք է բացահայտվի. ֊ «Բայց քանի որ կոնկրետ սա հենց Արաքս Դիլանյանի պատճառով է վերսկսվել՝ քանի որ Դուբայի բանկերը տվեցին, որ այո՛, Արաք Դիլանյանի հաշվին նստել է 8 միլիոն դոլար, դա Արամ Հարությունյանի 14 միլիոն կաշառք տված գումարի 8 միլիոնն էր, որը փաստաթղթով ապացուցված է»։

Արաքս Դիլանյանի փաստաբանի խոսքով՝ նիստը դռնփակ է անցկացվում, որովհետև դատախազն ու քննիչը չեն կարող լրատվամիջոցների ներկայությամբ ապացուցել, որ կան բավարար հիմքեր գործը վերաբացելու և նիստը դռնփակ անցկացնելու համար: Դատախազ Հայկ Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցւոմ հակադարձեց փաստաբանին, ասաց՝ կան ապացույցներ, որոնք այս փուլում հրապարակելու կարիք չկա, որովհետև դրանից կարող են նաև մեղադրյալներն օօգտվել. ֊ «Կարող են փորձել ապօրինի ազդեցություն կամ այլ մեթոդներով իրենց դեմ վկայած անձանց վրա ապօրինի ազդեցություն գործելու եղանակների դիմել։ Որևէ նպատակ կամ ցանկություն չունենք լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու։ Կգա ժամանակը՝ բոլոր փաստական տվյալները առաջինը մենք կտրամադրենք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG