Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Քոչարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու բողոքի քննությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքի քննությունը։

Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, բողոքը ներկայացնելիս, պնդեց՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ ելնելով նախագահի անձեռնմխելիության սկզբունքից։ ֊ «Պնդում ենք, և նախկինում քննիչին և դատախազին ուղղված բողոքներով պնդել ենք, որ մեղադրանքի առաջադրումը և քրեական հետապնդման իրականացումը կատարվել են օրենքի կոպիտ խախտմամբ, ինչի հետևանքով ոտնահարվել է վստահորդիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, և հատկապես՝ որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ՝ ՀՀ Սահմանադրության 142֊րդ հոդվածով նախատեսված՝ նախագահի անձեռնմխելիության իրավունքը», ֊ նշեց փաստաբանը։

Մարտի 1֊ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: Այս ամիս նախկին նախագահի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով:

Խուդոյանը կրկին պնդեց՝ համաձայն Սահմանադրության Հայաստանի երկրորդ նախագահն անձեռնմխելի է և չպետք է պատասխանատվություն կրի իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

Մինչդեռ դատախազ Վահե Դոլմազյանը առարկեց՝ գործում առկա են այնպիսի ապացույցներ, ըստ որոնց քրեական հետապնդումը չպետք է դադարեցվի։ Ավելին, դատախազը հակադարձեց Քոչարյանի փաստաբանի այն դիտարկմանը, թե Վերաքննիչ քրեական դատարանը, որը ամռանը որոշում էր կայացրել կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, ազատման հիմքում դրել էր հենց նախագահի անձեռմխելիությունը։ Դատախազ Դոմազյանը պնդեց՝ վճռաբեկ դատարանը վերաքննիչի այս որոշումը բեկանել էր, հետ էր ուղարկել քննության, որի հետևանքով Քոչարյանը կրկին կալանավորվեց։

Դատական նիստն այսօր հետաձգվեց, քանի որ մեղադրող կողմը հաստափոր նյութեր ներկայացրեց դատարանին, որի ուսումնասիրության համար ժամանակ է հարկավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG