Մատչելիության հղումներ

«Կաթի փոշին մշակում են, վրան գրում անարատ կաթ»․ կաթնաղբյուրցիները բողոքում են


Լոռու մարզի կաթ արտադրողները տագնապած են. գարնան հետ իրենց անարատ կաթի գինը կտրուկ նվազել է. գյուղացու արտադրած մեկ լիտր կաթը 120 դրամ է՝ ձմռան համեմատ 30 դրամով էժան։

«Թվում ա, թե հա՝ էսքան անասուն ունենք, գլուխներս գործի մեջա, ֆերմեր ենք, բայց տակը բան չի մնում: Էկոլոգիապես գերմաքուր մթերք ենք ստանում, ինչը որ կոպեկներով մեզանից տանում են», - պատմում է Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Ջոն Կիրակոսյանը, ով մոտ 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի:

Պաշտոնական տվյալներն է առաջ քաշում, ըստ որոնց վերջին երեք տարիներին Հանրապետությունում միայն կթու կովերի քանակը 52 հազարով նվազել է։ Նույն կերպ շարունակվելու դեպքում ասում է՝ ինքն էլ կկրճատի գլխաքանակը:

Համագյուղացի Նորայրը գյուղի կաթ հավաքողն է։ Կաթնաղբյուրից օրական 300 լիտր կաթ է հասցնում քաղաք, հանձնում մեկ այլ միջնորդի, որն էլ իր հերթին 10 դրամ հավելումով հասցնում Տաշիրի գործարան: Հարցին՝ ո՞վ է գին որոշողը, պատասխանում է՝ «զավոդի տերը»:

16 կմ գրեթե անանցանելի ճանապարհ ունեցող Կաղթնաղբյուրի անասնատերերը կաթի գնի նվազումն արհեստական են համարում։ Կասկածներ ունեն, թե մեծ ծավալներով Հայաստան ներկրվող էժանագին կաթի փոշին գործարաններում անարատ կաթի անուն է ստանում և օգտագործվում կաթնամթերքի արտադրության մեջ։

«Կաթի փոշին մշակում են, թթվասերի վրա գրում են բնական կաթի թթվասեր, պանրի վրա գրում են՝ բնական կաթի պանիր․․․ թող մեր գործին չխփեն», - դժգոհում էր կանթնաղբյուրցիներից մեկը:

Գյուղացիներն ասում են՝ իրենց աշխատանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը չեն հանդուրժի։ - «Մենք ձեռներս ծալած չենք նստելու, որ սպասենք՝ ոնց են մեր գրպանից գումարներ հանում ամեն օր», - ասում են նրանք՝ սպառնալով բողոքի տարբեր միջոցների դիմել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG