Մատչելիության հղումներ

Թուրքական զինուժը հետապնդել է Հունաստանի վարչապետի ուղղաթիռը. Աթենք


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, արխիվ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, արխիվ

Թուրք-հունական հարաբերություններում կարծես նոր ճգնաժամն է հասունանում. Աթենքը պնդում է, թե Թուրքիայի ռազմական օդանավերը երեկ ապօրինի ներխուժել են Հունաստանի օդային տարածք ու հետապնդել երկրի վարչապետի ուղղաթիռը:

Ընդ որում միջադեպը տեղի է ունեցել ոչ պատահական վայրում և ամենևին էլ ոչ պատահական ժամանակ:

1821-ից սկսած հույները մարտի 25-ը նշում են որպես թուրքական լծի դեմ սկսված ապստամբության կամ Հունաստանի անկախության օր: Այս տարվա տոնակատարությունները կառավարությունը որոշել էր անցկացնել ոչ միայն մայրաքաղաք Աթենքում, այլև՝ Թուրքիայի սահմանից քիչ հեռու գտնվող փոքրիկ՝ ընդամենը մի քանի հարյուր բնակիչ ունեցող Ագաթոնիսյոն կղզում: Հենց այստեղ էլ, ըստ հույն վարչապետի, իր ուղղաթիռը հայտնվել էր թուրքական զինուժի թիրախում:

«Նրանք ստիպեցին, որ ինձ տեղափոխող ուղղաթիռը փոխի թռիչքուղին, ներքևում մանևրներ անի, մինչև հունական զինուժը ժամանեց, և ինչպես պատահում է նման դեպքերում, ստիպեց նրանց լքել մեր օդային տարածքը», - ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։

ՆԱՏՕ-ի անդամ երկու պետությունները, չնայած դաշնակցային հարաբերություններին, մի քանի տասնամյակ է՝ չեն հաղթահարում պատմական տարաձայնություններն ու տարածքային վեճերը, այդ թվում՝ Կիպրոսի մասնատման ու բռազավթման շուրջ:

Երկկողմ՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները էլ ավելի սրվեցին 2016-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո, երբ Հունաստանը քաղաքական ապաստան տվեց նախագահ Էրդողանի դեմ դուրս եկած 8 թուրք զինվորների:

Երեկ, խոսելով հերթական միջադեպի մասին, Հունաստանի վարչապետը նախ կատակել է. - «Թուրքերն առաջինն ինձ «ողջունեցին» մեր օդային տարածքում, թերևս ուզում էին մասնակցել մեր ազգային տոնակատարություններին», հետո, տեղում ընդգծել՝ կատակը, կատակ, բայց իրենք շատ լուրջ են տրամադրված այս հարցում:

«Թուրքերը պետք է իմանան, որ այդպիսի հիմար արարքները որևէ արդյունքի չեն հանգեցնելու, նրանք միայն անիմաստ տեղը նավթ ու գազ են վատնում: Նախ, որովհետև, մենք միշտ կազմ ու պատրաստ ենք՝ պաշտպանելու մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և երկրորդ՝ որովհետև Հունաստանի վարչապետը պատրաստ է գնալ մեր երկրի ամենահեռավոր կղզին, ամենափոքրիկ բնակավայրն, անգամ եթե դրա համար պետք լինի ճանապարհը լող տալով անցնել», - ասել Ցիպրասը։

Անկախությանը նվիրված կրքոտ ելույթում Հունաստանի վարչապետը նաև պնդել է՝ Աթենքը պատրաստ է շարունակել երկխոսությունն ու համագործակցությունը Թուրքիայի հետ, բայց՝ առանց անցյալի դասերը մոռանալու:

«Եթե պետք լինի, մենք կանենք այն, ինչ նախնիներից ենք սովորել՝ կպաշտպանենք մեր իրավունքներն ու ինքնիշխանությունը», - պնդել է Հունաստանի վարչապետը:

Թուրքական բանակը կտրականապես հերքել է Ցիպրասի մեղադրանքները, ուժայինները, ըստ «Անադոլու» գործակալության հայտարարել են թե նրա ուղղաթիռի հետ կապված որևէ գործողության չեն մասնակցել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG