Մատչելիության հղումներ

Բժիշկները պայքարում են 12-ամյա Նորայի կյանքի համար


Կամո Մեջլումյան
Կամո Մեջլումյան

Մասիս քաղաքից մարմնի խորը այրվածքներով Երևան տեղափոխված 12-ամյա Նորայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Երեխայի ապրելու շանսերը բժիշկները գնահատում են շատ ցածր:

Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնի փոխտնօրեն Հովհաննես Ասլանյանի խոսքով, աղջնակի կյանքի համար շարունակում են պայքարել. - «Իմ աչքի առաջ սկսեց զարգանալ շնչահեղձությունը, որոշում ընդունվեց քնեցնել, անցնել արհեստական շնչառության»:

Նորան այրվածքային շոկի մեջ է եղել ավելի քան մեկ օր, ինչը, ըստ մասնագետների, նշանակում է, որ նրա օրգանները անդառնալի փոփոխություններ են կրել։ Բուժհաստատության փոխտնօրենը հերքեց տեղեկությունը, թե երեխային ոչ ոք չի այցելում:

Ասաց՝ աղքատ, բայց համերաշխ ընտանիքի երեխա է. - «Մայրը, հայրը, ավագ եղբայրները չեն բացակայել: Ժամանակ առ ժամանակ նույնիսկ մոտեցել, ասել են՝ բժիշկ ջան, գնացել ենք, գումար ենք ճարել, ասեք, մեր երեխայի համար բերենք ինչ որ պետք է»:

Աղջնակը այրվածքներ է ստացել շաբաթ օրը ՌԱՖ մեքենայի մեջ, որը նաև իրենց ընտանիքի նաև կացարանն էր: Երեխաների մի մասը, ինչպես պատմեց ընտանիքի հայրը, մեքենայի մեջ էր քնում, մյուսները՝ հարևանի տանը:

Նորան հարևանի փոքրիկի հետ վիճել, որոշել է իրենց տուն՝ ՌԱՖ-ի մեջ մտնել, և բռնկվել է հրդեհը:

Մայրն էլ չի հասկանում, թե ինչպես է մեքենայի մեջ հրդեհ բռնկվել․ - «Ավտոյի մեջը մոմ վառեց, ինչ արեց, ինչ չարավ․․․ տասնհինգ րոպե, երեխաս չկա․․․»

Մեջլումյանները 5 երեխաների հետ տնից զրկվել են մարտի 14-ին՝ հարկադիր կատարման ծառայողները նրանց տնից դուրս են արել մոտ 500 հազար պարտավորության դիմաց։

Արարատի մարզպետը այս ամենի մասին տեղեկացել է ողբերգական հրդեհից հետո:

«Մի խանութում նրանք պարտքեր են ունեցել 5-6 հազար դրամի չափով, որը․․․ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է եղել էդ իրենց պարտավորությունը», - «Ազատությանն» ասաց Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, որ այս պահին էլ պատրաստ են փոխհատուցում տալ, ետ գնել տունը, բայց գնորդը չի ցանկանում:

Ի դեպ, ինչպես պատմում է տան փոքրը, տունը կորցնելուց առաջ մայրը ջարդուխուրդ է արել ինչ հնարավոր է․ - «Ինադու ա քանդե, որ էդ կնիկը չապրի ստե»:

ՌԱՖ-ն էլ իրենց արդեն նախկին տան կողքին են կայանել ու հերթով քնել այդտեղ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վստահեցնում է, որ երբ ընտանիքը դիմել է իրենց, անմիջապես ժամանակավոր կացարան են հատկացրել․ - «Երբ որ քաղաքացին զբաղվում ա ինքնագործունեությամբ, երբ որ տուն ես տալիս, որ պիտի ապրի, բայց ինքը ամեն դեպքում գնում ա մտնում ա մեքենայի մեջ, ես չեմ կարող ասել․․․ Ամեն դեպքում, ինչ խնդրով քաղաքացին մեզ դիմել ա, համայնքապետարան դիմել ա, մենք իրենց օգնել ենք»:

Մեջլումյանները բացատրում են, թե իրերի մի մասը տեղափոխել են, բայց մահճակալները չէին հասցրել տեղափոխել:

Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում. հրդեհից առաջ էլ այդ ՌԱՖ-ից գողություն էր կատարվել: Քննիչները պետք է համադրեն փաստերը, թե արդյոք այս երկու դեպքերը միմյանց հետ կապ ունեն:

«Հրդեհատեխնիկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու համար հրդեհի պատճառը», - «Ազատությանն» ասաց Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Եդիգար Թորոսյանը:

Մեջլումյաննների տան բոլոր երեխաները, բացի տասնամյա տղայից, սովորում ու աշխատում են: Տունը կորցնելուց հետո նրանցից ոչ ոք դասի չի գնում: Սոցիալական աջակցության տարածքային կենտրոնից, մարզպետարանի երեխաների իրավունքներով զբաղվող բաժնից, դպրոցից ոչ ոք նրանցով չի հետաքրքրվել մինչև հրդեհը:

Հիվանդանոցի միջանցքում մայրը հուսադրող լուրի է սպասում: Ոչինչ չի ուզում, միայն երեխան ոտքի կանգնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG