Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը. Թոխատյան


«Ազատության» հյուրն այսօր հայտնի դերասան Հրանտ Թոխատյանն էր: Ստորև՝ կարող եք կարդալ հարցազրույցից մի հատված, ինչպես նաև դիտել հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ:

«Ազատություն»․ - Երբ այսօր հրապարակեցինք անոնսը, որ Դուք եք մեր հյուրը, շատերը գրում էին, որ Դուք Սերժ Սարգսյանին եք պաշտպանել: Ընդունո՞ւմ եք:

Հրանտ Թոխատյան․ - Որ ձայնս տվել եմ Սերժ Սարգսյանին 2008 թվի՞ն՝ այո: Բայց պաշտպանե՞լ․․․ գիտեք ինչ, բոլոր ժամանակներում ինձ միշտ մեղադրել են, որ՝ այ, դու․․․ իշխանություն և այլն:

«Ազատություն»․ - Համարեք ես էլ եմ հարցնում, որ միշտ իշխանությանն եք պաշտպանում:

Հրանտ Թոխատյան․ - Հիմա եկեք անդրադառնանք իմ գործունեությանը՝ սկսած 91 թվից մինչև այսօր: Ես չեմ կարծում, որ դուք կգտնեք որևէ ներկայացում, այսինքն բեմը օգտագործել որպես ամբիոն ու ասել բեմից էն ամենը, ինչ ասել եմ ես ու իմ գործընկերները: Էդ դեպքում էդտեղ առաջին հակասությունն է: Երկրորդը՝ իմ համագործակցությունը իշխանության հետ ի՞նչ է ինձ տվել, եթե ես համագործակցել եմ․ պաշտոննե՞ր, գումարնե՞ր․․․ ի՞նչ:

«Ազատություն»․ - Նաև Երևանի ավագանու անդամ եք եղել:

Հրանտ Թոխատյան․ - Այո, ես հիմա էլ, որ հրավիրեին՝ կգնայի: Ասեմ ինչի համար եմ գնում: Ինձ ասեցին՝ ես միշտ բողոքել եմ Երևանի մշակութային կյանքից, ասեցին՝ ինչի՞ ես բողոքում, արի գնա՝ ինքդ արա: Մեծ հաճույքով: Գնացի, բայց հասկացա, որ անիմաստա: Հետո ես դիմում եմ գրել, որպեսզի դուրս գամ:

«Ազատություն»․ - Այո, հիշում ենք այդ պատմությունը: Պարոն Թոխատյան, ասում եք՝ ի՞նչ է ինձ տվել․․․ կարող էին՝ ինչ որ բաներ չտալ, եթե, օրինակ, Դուք ընդվզեիք, մասնակցեիք բողոքի ակցիաների, ընդդիմադիր դիրքերից հանդես գայիք:

Հրանտ Թոխատյան․ - Իսկ որ չեմ արել էդ ամենը, ինձ ինչ֊որ բա՞ն է տվել:

«Ազատություն»․ - Օրինակ՝ կարող էին Ձեր առջև հեռուստատեսության դռները փակվել, կոչում չունենայիք, Հարկայինը «Շարմ» ընկերություն մտներ․․․

Հրանտ Թոխատյան․ - Ինձ կոչումը ոչինչ չի տվել․․․

«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ ճնշումների կենթարկվեիք:

Հրանտ Թոխատյան․ - Իսկ ո՞վ է ճնշումների ենթարկվել, ասենք, իմ կոլեագներից, ով որ ավելի ակտիվա եղել: Կամ ինչո՞վ ես ակտիվ չեմ եղել: Գիտեք ինչ, անպայման չէ ամեն ինչը նկարես ու գցես համացանց, որպեսզի ցույց տաս, որ ինչքան դու ակտիվ ես: Ես վստահ եմ, որ հիմա հարց տվողներից շատերը չգիտեն, որ, ասենք, Ապրիլյան պատերազմին ես եղել եմ այնտեղ իմ ավագ որդու հետ՝ 51/65 ջոկատի հետ: Բայց ես երբեք չեմ նկարվել:

«Ազատություն»․ - Ապրիլյան բողոքի ցույցերին մասնակցե՞լ եք:

Հրանտ Թոխատյան․ - Այո՛, ու հենց ամենաառաջին օրվանից ու մենք ունեցել ենք հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ իր վիրավորման օրը, բավականին երկար զրուցել ենք: Միակ բանը, որ ես ասացի՝ ասացի հարգելի՛ Նիկոլ, ես հարթակ չեմ բարձրանա, որովհետև ես հարթակից խոսել չգիտեմ, ես կխոսեմ բեմից: Որովհետև դրանից ամիսներ առաջ, երբ դեռ չէր սկսվել շարժումը, ինքը իր տիկնոջ հետ եղավ իմ «Mea Culpa 2» ներկայացմանը, որտեղ արդեն կար էն կերպարը, որը որ հետո մարմնավորեց ինքը: Մենք առաջին անգամ բերեցինք ներկայացման հերոսներին ոչ թե անցյալից, այլ ապագայից․ Հայաստանի ապագա ղեկավարին ինչպիսին ենք մենք պատկերացնում: Որը շատ վիրավորական էր եղել նույն Սերժ Սարգսյանի համար:

«Ազատություն»․ - Իսկ վարչապետ դառնալուց հետո հանդիպում եղե՞լ է:

Հրանտ Թոխատյան․ - Վարչապետ դառնալուց հետո՝ այդ առաջին օրերին, այո: Իսկ հետո՝ գիտեք ինչ, երբ որ շատ կարևոր նյութ լինի, որով պետք է կիսվեմ հենց վարչապետի հետ, կփորձեմ ծեծել դուռը ու ասել, որ այ այսպիսի կարծիք ունեմ կամ այսպիսի բան եմ ուզում անել: Դեռ դրա առիթը չկա:

«Ազատություն»․ - Իսկ Սերժ Սարգսյանի հետ առիթ եղե՞լ է հանդիպելու իր հեռանալուց հետո:

Հրանտ Թոխատյան․ - Հեռանալուց հետո՝ չէ, որովհետև մենք բարեկամներ չենք եղել, որ հետո, ասենք, գնայինք թեյ խմելու:

«Ազատություն»․ - Նա ինչ-որ պահի կորցրե՞լ էր իրականության զգացումը:

Հրանտ Թոխատյան․ - Ինչ-որ պահի չէ՝ իշխանության գալուց մեկ տարի հետ արդեն:

«Ազատություն»․ - 2009-ի՞ն:

Հրանտ Թոխատյան․ - Այո: 11 տարի առաջ՝ իմ հիսունամյակի օրը․․․ մենք Ռիտա Սարգսյանի հետ շատ վաղուցվա ծանոթներ ենք՝ 85 թվից: Ու դրա համար կոնտակտը եղել է տարիների ընթացքում՝ և՛ պատերազմյան, և այլն: Ես ուզում էի, որ գար ներկայացման: Իմ հիսունամյակին ես չէի կարող չհրավիրել: Բնականաբար ինքը գալու էր ամուսնու հետ, ես դա գիտեի: Եկան: Ու վերջում կար շատ տարօրինակ տեքստ: Ու էդ տեքստից հետո, որը որ կարդացվեց, ես դիմեցի հենց իրեն, որովհետև էդտեղ առաջարկ արեցի, ասեցի՝ եկեք պատկերացնենք, որ անցելա 10 տարի, իմ վաթսունամյակն է: Դահլիճում էլի նստած է լինելու հանրապետության վարչապետ Սերժ Սարգսյանը: Դահլիճում բոլորը բան եղան․․․ ասի՝ հա, երկու անգամ նախագահ լինելուց հետո նորից վարչապետ է լինելու: Ասել եմ 2008 թվին դա, բեմից, իր ներկայությամբ: Ասի՝ եթե էսպիսին պետքա լինի 10 տարի հետո, ոնց ես ներկայացրեցի Երևանն ու Հայաստանը, ասի՝ ավելի լավ կլինի չառաջադրվես: Ասի՝ եթե պատրաստ ես փոխվես, պատրաստ ենք թևերս կոլոլելու՝ քեզ հետ միասին երկիրը դարձնենք նորմալ երկիր: Ինքը կանգնեց՝ ասեց ես իմ ձեռքը մեկնում եմ, ես պատրաստ եմ: Բայց դա միայն խոսքեր էին, փուչ խոսքեր, որոնք հենց ընենց անցան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG