Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ․ Ցանկացած խաղից առաջ մեր ակնկալիքները միայն հաղթանակ են


Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գևորգ Ղազարյան:
Հայաստանի ազգային հավաքականի անդամ Գևորգ Ղազարյան:

Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տնային խաղում Հայաստանի հավաքականը մարտի 26-ին ընդունելու է Ֆինլանդիայի ընտրանուն:

«Ցանկացած խաղից առաջ մեր ակնկալիքները միայն հաղթանակ են»,- հանդիպման նախօրեին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: - «Ուղղակի մենք նայում ենք, թե որ հավաքականի դեմ ինչքան է մեր շանսերը, և ինչպիսին են դժվարությունները այդ ամենին հասնելու համար։ Կարծում եմ, Ֆինլանդիայի հետ խաղին ավելի շատ շանսեր ունենք հաղթանակին հասնելու համար, քան թե Բոսնիայի խաղից առաջ էր շանսերը»։

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում մրցակցի դաշտում Հայաստանի ազգային հավաքականը անցած շաբաթ օրը1:2 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմից։

Մեկնաբանելով այս պարտությունը՝ Ղազարյանը ասաց. - «Բոսնիայի հավաքականին լավ ուսումնասիրել էինք, գիտեինք իրենց ուժեղ և թույլ կողմերը: Պատրաստվել էինք, կարծում եմ, լավ պաշտպանություն տարանք խաղի սկբնամասում, մինչև գոլն ընդունելը, և մեր շանսերը ունեցանք հակագրոհների ժամանակ: Ուղղակի լավ չիրացրեցինք մեր պահերը, այդ իսկ պատճառով երկրորդ գոլը բաց թողեցինք ու արդեն իսկ ուշ էր ետ բերել կորցրածը»:

Վերջերս Գևորգ Ղազարյանը կարծիք էր հայտնել Հայաստանում լեգեոներների սահմանափակում մտցնելու մասին՝ ընդգծելով, որ դա իսկապես օգուտ կլինի հայկական ֆուտբոլին․ - «Երբ որ երկար տարիներ Հայաստանի առաջնությունը մշական լեգեոներներ ունենա, այստեղ հարց է առաջանում՝ որտե՞ղ պետք է խաղան մեր ակադեմիայի փոքր տարիքի [մարզիկները], որոնք որ նոր են զարգանում, մեծանում և պետք է շանս ստանան խաղալու։ Ոչ մի երկրում, նույնիսկ Ռոնալդոն, նույնիսկ բոլոր տաղանդավորները շանս են ստանում խաղալու: Ես ուզում եմ ասեմ, որ մեր երիտասարդները կարողանան այդ շանսը ստանան։ Այսօրվա դրությամբ բոլորին է հասկանալի, որ փորձառու, խաղացած 26-27 տարեկան բրազիլացին կարող է ավելի ուժեղ լինի, քան 18-19 տարեկան հայը։ Ես ուզում էի ասել, որ թիմում լինեն 6 լեգեոներներ՝ նրանց հետ համատեղ հայ ֆուտբոլիստներով։ Լեգեոներները շատ կարևոր են, նույնիսկ օգուտ են, ոչ թե վնաս են։ Բայց լինեն ավելի քիչ, ավելի որակյալ, և ավելի ուշադրություն դարձնեն նաև մեր տեղացի երիտասարդների վրա: Բայց մեր երիտասարդները պետք է ոչ թե դա համարեն առավելություն, այլ հակառակը՝ շատ մեծ պատասխանատվությամբ վերաբերվեն, որովհետև ոչ մեկ իրենց ուղղակի տեղ չի տալու խաղալու, եթե նույնիսկ լինի սահմանափակում»:

Օրեր առաջ ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում հրապարակվել էր մի տեսանյութ, որում ազգային հավաքականի անդամները Գևորգ Ղազարյանին համարում են ամենաշատակերը։

Թիմակիցների նման տպավորությունը Ղազարյանը, ով հանդես է գալիս պորտուգալական «Շավիշ» ակումբում, այսպես բացատրեց. - «Հայաստան գալուց ուտում եմ մեր հացը, պանիրը․․․ ինչը որ ստեղից ա: Կանաչին մերև շատ համեղ ա, տոմլան: Բայց ամենաշատը մեր հաց ու պանիրն եմ կարոտում, որովհետև էնտեղ ո՚չ մեր հացից կա, ո՛չ էլ մեր պանրից»:

Բայց ամենաշատը Ղազարյանը կարոտում է Հայաստանի մթնոլորտը, ընկերների ջերմությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG