Մատչելիության հղումներ

«Ես ուզում եմ, որ բոլոր պուրակները ազատագրվեն»․ Զարուհի Հովհաննիսյան


Ակտիվիստները տարիներ շարունակ բարձրաձայնել են երևանյան տարբեր պուրակներում հանրային տարածքների պաշտպանության խնդիրը։

«Ես ուզում եմ, որ բոլոր պուրակները ազատագրվեն, որ նայում եմ էս տեսարանին, ուզում եմ, որպեսզի բոլոր պուրակները հանրության համար լինեն մատչելի, լինեն կանաչ, լինեն այնքան բաց և այնքան մարդկային, որովհետև ես կապիտալը հակամարդկային եմ համարում, որովհետև մինչև դու փող չտաս, դու էդտեղից չես կարող օգտվել, իսկ մենք բոլորս հարկեր ենք մուծում, որպեսզի հանրային տարածքներից օգտվենք, ես հիմա գոհունակությամբ եմ նայում», - ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով կանաչ տարածքների համար պայքարում էր դեռ Մաշտոցի պուրակից։- «Այգիները հնարավորություն են տալիս մարդկանց հանգստանալու ու օգտվելու այդ տարածքներից հավասար հնարավորություններով, անկախ նրանից դու դրամ ունես, թե չէ։ Եվ երկրորդ խնդիրը՝ քաղաքի աղմուկն է, որը մարդու առողջության վրա բավականին լուրջ ազդեցություն է ունենում»:

Հանրայինը պետք է վերադարձվի հանրությանը, դա միանշանակ է։ Ապօրինի ցանկացած գործընթաց էլ պետք է վերանայվի, ասում է Հովհաննիսյանը, հավելելով՝ Օպերայի մերձակա տարածքների սրճարաններն ամբողջությամբ պետք է ապամոնտաժվեն, տարածքն էլ կանաչապատվի։

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը նկատում է՝ տարիներ շարունակ հանրային տարածքները մասնավոր կապիտալի կողմից չարաշահվել են. - «Չափազանց մեծ տարածքներ ուղղակի փող աշխատելու համար են օգտագործվել, այս կամ այն խմբերի կողմից։ Կարևոր է նաև, որ հենց այստեղից է սկսվում, քանի որ սա յուրահատուկ ուղերձ կարող է լինել, քանի որ ոչ միայն փոքր կենտրոնում, այլ նաև Երևանի մյուս թաղամասերում շատ կան այդպիսի տարածքներ, որոնց նշանակությունը խեղված է: Դրանք, փաստորեն, վտանգում են մեր հանրային ենթակառուցվածքները, մեր հանգստանալու, առողջ միջավայրում ապրելու իրավունքն են խախտում և այլն»:

Հետևելով սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին՝ Սողոմոնյանն ասում է․ ֊ «Շատ հետաքրքիր, խառը զգացմունքներով, կարելի է ասել, նայում ենք այս ամեն ինչին: Քաղաքային նոր իշխանությունը ճիշտ տրամաբանության մեջ է, ես կարծում եմ: Եվ այն քաղաքացիական շարժումների, տարիների պայքարի արդյունքում հանրային տարածքի վերաիմաստավորումը, ըստ էության, արդեն պրակտիկ իր կիրառումն է ստանում և ազատագրվում են քաղաքային, հանրային տարածքները, մեզ է վերադառնում քաղաքային մշակույթը»:

Ակտիվիստ Աշոտ Խաչատրյանը, անդրադառնալով Օպերայի շրջակա տարածքի սրճարանների աշխատակիցների ընդվզմանն, ասաց. - «էս մարդիկ հիմա բողոքում են, բայց հետագայում մենք կտեսնենք, որ էս հանրային տարածքներից իրենք էլ են օգտվելու, ինչպես դա եղավ Մաշտոցի պուրակում․ երբ այգին վերականգնվեց, այն ոստիկանները, որոնք բիրտ ուժ էին կիրառում մեր նկատմամբ, հետո գալիս էին իրենց երեխաների հետ շրջում էին պուրակում: Նույնը այստեղ է լինելու»:

Այս պահին առաջին գոտում գտնվող հինգ սրճարաններից երկուսն ապամոնտաժվել են, երրորդն իր գույքը ինքնակամ է ապամոնտաժել, իսկ մյուս երկու սրճարաններն ապամոնտաժելու իրավական հիմքերն ապահովելու համար քաղաքապետարանը դիմել է դատարան։ Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր՝ այս գործընթացը շարունակական է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG