Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հետաձգել է Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում:

Եվրոպական դատարանը մինչև ապրիլի 3-ը ժամանակ է տվել Հայաստանի կառավարությանը հարցերին պատասխանելու և տեղեկատվություն ներկայացնելու համար:

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին այսօր կալանավայրից կրկին տեղափոխել են հիվանդանոց։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ:

Շաքարային դիաբետ և թոքերի քաղցկեղ ունեցող Գրիգորյանը նաև փետրվարի սկզբին էր տեղափոխվել հիվանդանոց, մի քանի շաբաթ բուժում էր ստացել և դուրս գրվել հիվանդանոցից։

«Օրեր առաջ պետական լիազոր մարմինը՝ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց՝ հղում անելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությանը: Այդ եզրակացության մեջ գրված է՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարա սպառնա: Դա հիմք ընդունելով՝ հղում արեցին ու նորից հանրությանը տեղեկացրեցին: Ահա այսօր էդ վիճակն ա», - «Ազատությանն» ասաց Լևոն Բաղդասարյանը:

«Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին «Ազատությանը» փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված Գրիգորյանի վիճակը բավարար է։

Փաստաբան Բաղդասարյանը ենթադրում է, որ Գրիգորյանին անսպասելիորեն հիվանդանոց տեղափոխելը կապ ունի Եվրոպական դատարանի իրենց դիմումի հետ, որ Ստրասբուրգ էին ուղարկել անցած շաբաթ․ - «Միգուցե նաև պատճառը նա է, որ արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում էր գտնվում, որպեսզի անհապաղ տեղափոխեն ստացիոնար հիվանդանոց: Համենայն դեպս, փաստն այն է, որ այս պահի դրությամբ, մինչև համապատասխան հետազոտությունները չկատարվի, վերջինիս բուժելը, ես կարծում եմ, արդեն հակացուցված է»:

«Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, հետաձգելով Գրիգորյանի գործով միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը, հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը», - հաղորդում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը։

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը 4 հարց է ուղղել Գրիգորյանի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ։ Մասնավորապես, դատարանը հարցրել է՝ արդյո՞ք դիմորդը պետք է հրատապ PET տոմոգրաֆիա, ուռուցքաբանական հետազոտություն և բրոնխոֆիբրոսկոպիա անցնի: Եթե այո, արդյո՞ք դիմորդը կարող է Հայաստանում անցնել վերոնշյալ հետազոտությունները: Բացասական պատասխանի դեպքում, կա՞ն արդյոք այլընտրանքային հետազոտության մեթոդներ, որոնք դիմողը կարող է անցնել:

Դատարանը նաև հարցրել է Հայաստանի կառավարությանը, թե արդյոք դիմումատուի առոջղական վիճակը պահանջում է նրան անմիջապես տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։

«Սակլինի նախադեպ, որպեսզի հետագայում պետական լիազոր մարմինները հասկանան, որ միջազգային ատյաններում իրենց արարքի գնահատականը տալու են, և տալու են բավականին խիստ: Ցավոք, տալու են արդեն ոչ թե տվյալ պետական լիազոր մարմնի, այլ արդեն հանդես է գալու որպես պետությունը», - նշեց Լևոն Բաղդասարյանը:

«Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր նշված տեղեկատվությունը հավաքագրելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևավորելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար», - ասված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության հաղորդագրությունում։

Ծանր հոդվածներով մեղադրվող և կալանքի տակ գտնվող Գրիգորյանի փաստաբաններն էին անցած շաբաթ դիմել Ստրասբուրգի դատարան՝ հայտնելով, որ մի շարք հիվանդություններ՝ մասնավորապես շաքարային դիաբետ և թոքերի քաղցկեղ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության, Գրիգորյանի փաստաբանները խնդրել են միջանկյալ միջոց ձեռնարկել` պարտավորեցնելով Հայաստանի իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև վերջինիս անհապաղ տեղափոխել Ֆրանսիայում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով:

Եվրոպական դատարանը փաստաբանների դիմումին արձագանքել էր մեկուկես օրում և փաստաթղթեր խնդրել հիվանդությունների և Գրիգորյանի բուժման վերաբերյալ։

«Ազատության» հարցին, թե արդյոք Եվրոպական դատարանը կարող է հորդորել Հայաստանի կառավարությանը Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա, փաստաբան Բաղդասարյանը պատասխանեց․ - «Միանշանակ»:

Մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը անցած շաբաթ հայտարարեց, որ 62-ամյա Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով նշանակվել են ինչպես առաջնային, այնպես էլ միջգերատեսչական համալիր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ:

«Թե´ առաջնային և թե´ հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններով, Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դասվում է պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին», - ասել էր ՀՔԾ խոսնակը։

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG