Որքան էլ լավ և վատ առիթները մեր կյանքից անպակաս են, այդուհանդերձ սուգն ու ուրախությունն իրար մոտ չեն կարող գտնվել՝ օրենքն է պարտադրում:
Երևանից Ջրվեժ տանող ճանապարհի Թևոսյան 14 հասցեում գործող «Մայրամուտ» սգո սրահն, ինչպես հայտնում է քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչությունը, տարիներ շարունակ ապօրինի է գործել՝ շատ մոտ է հանրային սննդի վայրին։ Վարչության պետ Հովիկ Սաֆարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Երևանի ավագանու 2015 թվականին ընդունված որոշման համաձայն սգո սրահները հանրային սննդի կետերից և կրթական հաստատություններից առնվազն 100 մետր հեռավորության վրա պետք է գործեն։
«Որպեսզի սգո արարողության մասնակիցները կարողանան իրենց սգո արարողությունը կազմակերպեն առանձին, իսկ խրախճանքի դեպքում, բնական է, արդեն տհաճ և նույնիսկ անախորժություններով կարող է ավարտվել այդ հարևանությունը», - նշեց Հովիկ Սաֆարյանը։
Քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետը նշեց՝ իսկ եթե հաստատություններն իրարից բավարար հեռավորության վրա չեն գտնվում, սգո սրահի գործունեությունը հնարավոր է օրենքի շրջանակներում իրականացնել «բացառապես հարևան օբյեկտի համաձայնության դեպքում՝ գրավոր համաձայնության դեպքում»։ «Այս պարագայում «Պառնաս» ռեստորանի սեփականատերը գրավոր դիմումով մեզ տեղեկացրել է, որ չի տվել նման համաձայնություն, սակայն ավելի քան երեք տարի սգո սրահը գործել է», - ասաց Սաֆարյանը:
Ըստ վարչության պետի՝ «Պառնաս» ռեստորանի սեփականատիրոջ գրավոր դիմումի մեջ որոշ պարզաբանումներ կան. «Մատնանշել էր, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են միջամտել, դա ինքնըստինքյան կոռուպցիոն երևույթ է։ Եթե որևիցե միջամտություն հակասում է օրենքի կամ իրավական ակտի տրամաբանությանը, դա մենք դիտում ենք որպես կոռուպցիոն դրսևորում»։
Առևտրի և սպասարկման վարչությունը այստեղ համապատասխան չափագրումներ է կատարել՝ անզեն աչքով տեսանելին փաստերով արձանագրելու համար։ Այնուհետև դիմել է դատախազություն, որն էլ, իր հերթին, գործն ուղարկել է Քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Այժմ նախաքննություն է ընթանում:
«Մայրամուտ» սգո սրահի մենեջեր Մանվել Սիմոնյանը «Ազատությանը» հայտնեց, որ թեև քրեական գործը հարուցվել է օրեր առաջ, իրենք չեն կարողացել աշխատել դեռ տարեսկզբից։ Դեկտեմբերին լիցենզիայի համար դիմել են քաղաքապետարան՝ վճարելով 1,5 միլիոն դրամ տարեկան տուրքը:
«Քաղաքապետարանից իմացանք, որ մեզ մերժել են՝ հաշվի առնելով, որ կողքի հարևանը բողոքել է», - ասաց Մանվել Սիմոնյանը։
Սգո սրահի մենեջերի խոսքով՝ տարիների ընթացքում երկու օբյեկտներում զուգահեռ առիթների ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել՝ քեֆ անողները քեֆ են արել, սուգ անողներն էլ՝ սուգ։ Ասում է՝ տխրությունն ու ուրախությունը եղբայրներ են։
«Ուսումնասիրեն հարցը օրենքի սահմաններում, տեսնեն որն է ճիշտ, որն է սխալ, և ասենք թե, եթե մենք սխալ ենք, մեր գործունեությունը սխալ է եղել էս չորս տարին, ուրեմն թող դադարեցնեն մեր գործողությունները», - նշեց Սիմոնյանը։
Իսկ ինչպե՞ս կմեկնաբանի Հայ Առաքելական եկեղեցին այս հարցը՝ «Ազատություն»-ը զրուցեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:
«Չեմ կարող ասել, որովհետև և՛ ուրախ տեղում սգո արարողություն կարող է լինել՝ հոգեճաշ, և՛ սգո տեղը կարող է լինել իբրև հացատուն՝ ուրախության առիթ», - պատասխանեց քահանան։
Ի դեպ, սգո սրահների գործունեության հետ կապված սա միակ հարուցված քրեական գործը չէ, քաղաքապետարանի աշխատակիցներն առանց համապատասխան լիցենզիայի գործող սրահ են հայտնաբերել նաև Բագրատունյաց փողոցի վրա՝ սեփականատերը երեք տարի պետտուրք չի վճարել։ Եվս վեց սգո սրահներ ենթարկվել են վարչական տույժի՝ գործող նորմատիվները չպահպանելու համար: