Մատչելիության հղումներ

Քաղաքացու օրվա մասին կառավարության որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել


Ցուցարարները փակել են Երևանի Հանրապետության հրապարակ մտնող փողոցները, ապրիլ, 2018թ․
Ցուցարարները փակել են Երևանի Հանրապետության հրապարակ մտնող փողոցները, ապրիլ, 2018թ․

Ապրիլի վերջին շաբաթ օրը որպես Քաղաքացու օր նշելու՝ գործադիրի երեկ ընդունած որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել։

Անցած տարի թավշյա հեղափոխության արդյունքում իշխանությունը կորցրած Հանրապետականի (ՀՀԿ) ներկայացուցիչները նախաձեռնությունը խայտառակություն են որակում, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու հերթական քայլ համարում։

Մասնավորապես, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ֆեյսբուքում նախաձեռնությունը քննադատող գրառում է արել․ - «Սա Փաշինյանի իշխանության հերթական խայտառակ որոշումն է՝ փորձելու հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների»:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախկին իշխանության մաս կազմած քաղաքական գործիչների արտահայտած տեսակետը բնական է համարում։ Նրա խոսքով՝ Քաղաքացու օրը նրանց համար անընդունելի է, քանի որ դա նախկին իշխող կուսակցության պարտության օրն է։

«Նախկին իշխանության բեկորները, և բնական է, որ իրենց համար քաղաքացու զարթոնքի և Քաղաքացու օրը դա իրենց պարտության օրն է, որովհետև իրենք տարիներ, տասնամյակներ շարունակ այդ երևույթը՝ քաղաքացի հասկացողությունը, ճնշել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կառավարության նախաձեռնության վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք կա. ողջունում են գաղափարը, թեև դեռ չեն հասցրել ամբողջ կազմով քննարկել դա, ասում է խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր քաղաքացու համար դա շատ պարտավորեցնող է, և քաղաքացի պետք է լինել տարին 365 օր՝ աշխատանքով, ներդրումով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սամսոնյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում գործադիրի նախաձեռնության վերաբերյալ դեռ մեկ ընդհանուր դիրքորոշում չունեն։ Խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը որոշման ընդունումից հետո Ֆեյսբուքում գրել էր. - «Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել»:

Խմբակցության մեկ այլ անդամ Արման Աբովյանը գործադիրի որոշումն ընդունելի է համարում, ընդգծում է՝ պարզապես տոների միջև տարանջատում պետք չէ դնել՝ ավելի կարևորի ու անկարևորի։

«Առհասարակ պետք է զերծ մնալ բոլոր այն քայլերից, որոնք հնարավոր է կիսեն հասարակությունը տարբեր գույնային՝ տեսականորեն գույնային երանգների: Եթե մենք ասում ենք՝ Քաղաքացու օր, մենք ընկալում ենք բոլո՛ր քաղաքացիների օր», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Աբովյանը:

Ալեն Սիմոնյանի խոսքով, Քաղաքացու օր նշելով՝ իշխանությունները հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու ցանկություն չունեն։ Դիտարկմանը, թե այդ մասին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր գրել, Սիմոնյանն այսպես արձագանքեց. - «Եթե իրանք իրանց սև են համարում, դա իրանց խնդիրն ա, ես չեմ ուզում դա մեկնաբանել: Իրանք իրանց սև․․․ անընդհատ, բան չունեն ասելու: Թող գնան մի բան, նոր բան մտածեն: Ես նշելու եմ, իմ ընկերները նշելու են: Մենք ուրախ ենք, ու մարդիկ ուրախ են, և ուրախ ենք նաև, որ հանրապետականները տխրում են»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Քաղաքացու օր նշելու նախաձեռնությունը վաղաժամ է համարում, չնայած ասում է, որ Քաղաքացու օրվա նկատմամբ դրական վերաբերմունք կա հասարակության շրջանում։

«Բայց շատ ավելի վատ է, որ այդ օրը կմոռացվի կամ կվերածվի ինչ-որ ճառախոսության, մարզպետները կհավաքեն մարզի պատասխանատուներին, հանրապետության վարչապետը ելույթ կունենա ինչ-որ մի տեղում, Ազգային ժողովում ճառեր կասվեն, կվերջանա, կգնա: Դա արժեք չի դառնա հանրության համար», - «Ազատությանը» ասաց Խառատյանը:

Ազգագրագետի համոզմամբ՝ մինչ Քաղաքացու օր նշելը, մարդը հասարակությունում պետք է ընկալվի արժեք՝ ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ գործողությունների տեսքով։ Խառատյանն ակնարկում է դատաիրավական համակարգը, որը, ըստ նրա, դեռ չի կայացել։

«Էն որ ՀՔԾ-ի որոշումներով դատարանը ինչ-որ գործերի ծավալ նայում է, սա բոլորովին դեռ դատական, դատաիրավական համակարգի քննություն չի հասարակության առաջ», - նշեց Հրանուշ Խառատյանը:

Քաղաքացու օր պետական տոնացույցում դեռ չի գրանցվել՝ նախաձեռնությունը դեռ պետք է արժանանա օրենսդիրի հավանությանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG