Մատչելիության հղումներ

Ֆինանսների նախարարը չի բացառում ՀՕ-ում առաջարկվող փոփոխությունների վերանայումը


Հարկային օրենսգրքի փոփոխությունների դեմ բողոքի ցույց Կառավարության շենքի մոտ: 18-ը մարտի, 2019թ․

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի դեմ բողոքող գրավատների և փոխանակաման կետերի աշխատակիցներին այսօր երեկոյան կառավարությունից հրավիրել են քննարկման:

Տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնի նախագահ Հրանտ Նալբանդյանը: Նրա ղեկավարած կազմակերպությունը բողոքող այս երկու խմբերին խորհրդատվություն է տրամադրում:

Նալբանդյանի խոսքով՝ եթե բավարարող լուծում չգտան, նորից ցույցեր կլինեն:

Բողոքող մյուս խմբին՝ գազավորված ըմպելիքներ արտադրողներին ևս կառավարությունից խոստացել են հրավիրել քննարկման․ այս լուրն էլ «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը փոխանցեց:

Հարկային օրենսգրքի նոր փոփոխությունների փաթեթով կառավարությունը նախատեսում է շաքարի, համային ու հոտային հավելումներ պարունակող գազավորված ըմպելիքների ակցիզային հարկ սահմանել, իսկ գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի տարեկան պետտուրքն ավելացնել 60 անգամ՝ 100 հազար դրամը 6 միլիոն, 50 հազարը՝ 3 միլիոն դարձնելով։

«Եթե տնտեսությունում անհրաժեշտ է կատարել նմանատիպ փոփոխություններ, բնականաբար, բոլորս կողմ ենք: Ուղղակի դեմ ենք ոչ համահունչ մոտեցմանը, որը որ տանելու է մրցակցության պակասի, մոնոպոլիայի աճի և այլն», - ասաց Հրանտ Նալբանդյանը:

Սպասվող հարկային փոփոխությունների հաստատման դեպքում գազավորված ըմպելիքներ արտադրողները կանխատեսում են թանկացումներ, հարյուրավոր աշխատակիցների գործազրկություն: Իսկ գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները փակման վտանգից են խոսում։

Կառավարության հեղինակած փաստաթղթի քննադատությունը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նորմալ է համարում: Բացատրում է այսպես․ ուղղակի հարկերը համարում են տնտեսության աճի բանալին և պատրաստվում են նվազեցնել: Բայց այդ դեպքում էլ, ըստ նախարարի, հարկային ավելի քիչ եկամուտներ հավաքելու ռիսկեր են առաջանում:

Սպառման հարկերի բեռը վերանայելու մտադրությունը նախարարը դրանով է պայմանավորում․ - «Հնարավոր չի ունենալ որևէ կարգավորում, որը բոլորին հավարապես ազդի, կամ հավասարապես գոհ լինեն բոլորը»:

Կառավարության հիմնավորումները հավատ չեն ներշնչել տնտեսագետ Վահագն Խաչատրյանին:

«Եթե գրավատներն ու փոխանակման կետերը վերացնելու ցանկություն ունեն, թող ուղիղ ասեք», - պետտուրքը 60 անգամ բարձրացնելու մտադրությանը այսպես է արձագանքում տնտեսագետը՝ շարունակելով․ - «Ինչի՞ ենք ուզում մտնել էդ մարդկանց անձնական կյանքի, չգիտեմ ինչ մեջ: Ուզում ենք բոլոր հարցերը լուծե՞նք: Մյուղն էլ ասում ա՝ էկեք ծխախոտը արգելենք, որովհետև ծխախոտը վատն ա․․․ Մարդը թող ինքը որոշի ծխախոտը վա՞տն ա, թե՞ լավ: Էս մեկն էլ էկել ա, ասում ա՝ շաքարը վատ ա, էկեք շաքարի վրա գին դնենք, հլա մի հատ հերիք չի, շաքարի փոխարինիչի վրա դնենք, բարձրացնենք գինը․․․ Լսեք, ես ո՛չ ծխում եմ, ո՛չ խմում եմ, խաղատուն չեմ գնում, բայց խմում եմ «Կոկա կոլա»: Իմ ամենամեծ թերությունը դա է: Հիմա դուք ուզում եք, որ ես «Կոկա կոլա» չխմե՞մ: Թողեք ես որոշեմ, ես ընտրեմ․․․ Բա շուկայական տնտեսությո՞ւնը, ազատ շուկայական հարաբերություննե՞րը․․․», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Հարկեր-տուրքերի ավելացումը ոչ միայն խորհրդարանական ընդդիմությանը, այլև իշխանական պատգամավորների է անհանգստացնում:

«Իմ քայլից» Արտակ Մանուկյանը կողմ է պետտուրքի ավելացմանը, բայց՝ բոլորի համար ընդունելի չափով, որ գործատուները չկանգնեն փակման վտանգի առաջ․ - «Եթե ներկայացվեն բավարար ապացույցներ, որ այս բոլոր սցենարներից անպայման հենց վաթսունապատիկն է ընդունելին, և դա հիմնավոր լինի բոլորի, այդ թվում նաև իմ համար, այդ դեպքում ես կողմ կքվեարկեմ: Բայց էս պարագայում, էս տեսքով, վստահաբար ներկայացված հիմնավորումները ինձ համար բավարար չեն: Եթե հավելյալ պարզաբանումներ, այլ սցենարներ և այլն չլինեն, ապա կարծում եմ, որ ես չեմ կարող այս նախագծին կողմ քվեարկել»:

Կառավարությունը 2 շաբաթ առաջ է հաստատել հարկային փոփոխությունների փաթեթը, բայց մինչև այժմ ԱԺ չի ուղարկել։ Ֆինանսների նախարարն ասաց՝ գուցե հաջորդ շաբաթ:

Ի դեպ, Ջանջուղազյանը չբացառեց նաև վերանայում՝ դժգոհություններով պայմանավորված․ - «Քանի որ քննարկումները դեռ ավարտված չեն, հնարավոր ա որևէ ուղղությամբ՝ և՛ նվազելու, և՛ փոխվելու․․․ Քննարկման փուլում գտնվող հարցի հետ կապված սա կլինի ոչ է կանխատեսում, այլ գուշակություն, որը չեմ անի»:

XS
SM
MD
LG