Մատչելիության հղումներ

Կոտայքի մարզպետը կասկածելի է համարում Աբովյանի հողերի աճուրդները, քաղաքապետը պնդում է՝ օրենքի խախտում չկա


Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզի դատախազին է դիմել։ Վստահ է՝ Աբովյան քաղաքի համայնքային հողերի աճուրդներով պետք է իրավապահները զբաղվեն։

«Ասացեք խնդրեմ, եթե Աբովյանում իրական շուկայական գները բազմապատիկ անգամ բարձր են, ապա ինչո՞ւ է ավագանին հավանություն տալիս մի որոշման, որով սահմանվում է, որ հողերը պիտի օտարվեն կադաստրային արժեքների 50 տոկոսներով», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց մարզպետը:

Պետրոսյանը կասկածներ ունի, որ որոշ հողեր ստվերային տերեր ունեն, և աճուրդներով ընդամենը օրինականացվում է կոռուպցիոն գործարքը։ Նա խնդրահարույց է համարում Աբովյանի համայնքային հողերի օտարման քաղաքականությունն ընդհանրապես. համայնքը սնուցող գազատար, ջրատար խողովակների վրայի մի քանի միավոր հողեր աճուրդից հանվել են իրենց միջամտությունից հետո:

«Առնվազն հինգ դեպքով մեր առաջարկությունների հիման վրա քաղաքապետը չեղարկել էր այդ աճուրդները», - փոխանցեց մարզպետը:

Քաղաքապետ Վահագն Գևորգյանը զարմանում է․ - «Խնդիր է եղել՝ չեղարկել ենք»: «Նա մեզ ներկայացրել է, որ խնդիրը կա՝ մենք հանել ենք: Այսինքն, սա դառնում ա էն՝ «խի՞ ես գլխարկ դրել, խի՞ չես դրել»: Աճուրդը իրականացվել է օրենքի տառին և ոգուն համապատասխան», - «Ազատության» հետ զրույցում նշեց Աբովյանի համայնքապետը:

Գևորգյանը պնդում է՝ օրենքի խախտման մասին խոսք չկա․ 67 լոտ է եղել, ձեռք է բերվել 32 հողակտոր: Աճուրդի մասնակիցների թվում մարզպետարանի աշխատողներ էլ կան, սիրիահայեր, ազատամարտիկների ընտանիքներ։

«Աբովյանի համայնքապետարանը պատրաստ է թե՛ իրավական և թե՛ բարոյական տիրույթում ներկայացնել բոլոր հիմնավորումները: Գոնե էստեղ, այսինքն, ես կարծում եմ, որ ուղղակի մութ սենյակում կատու ման գալ պետք չի, որովհետև իրականում կատու չկա էդ մութ սենյակում», - ընդգծեց քաղաքապետը:

Մարզպետի և Աբովյանի քաղաքապետ-ավագանու հարաբերությունները փայլուն չեն։ Մարզպետը իրավապահներին է դիմել, դրանից առաջ էլ քաղաքի ավագանին էր հայտարարություն տարածել, թե՝ «ընտրովի մարմին ենք՝ հաշվետու բացառապես ընտրողների առջև, ոչ թե՝ մարզային իշխանության»: Սրան մարզպետը համաձայն չէ․ - «Տեղական ինքնակառավարումը անկախ է մեր երկրում, բայց դա չի նշանակում՝ կամայական հողային ֆոնդերի վաճառքներ, կամայականություններ համայնքի բյուջեի հետ: Չկան խաղի կանոններ՝ կան Սահմանադրություն, տեղական ինքնակառավարման մասին օրենք, Հողային օրենսգիրք և այլն»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Ռոմանոս Պետրոսյանն էլ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը վայելող անկուսակցական քաղաքապետ Վահագն Գևորգյանն էլ հերքում են, թե իրենց միջև հակասությունները քաղաքական են և կապ ունեն Աբովյանում հունիսին սպասվող համայնքապետի ընտրությունների հետ։

Գևորգյանն այսօր հայտարարեց՝ առաջադրվելու է․ - «Ես առաջին անգամ եմ հայտարարում՝ «Ազատություն»-ով, այո, առաջադրվելու եմ: Աշխատելով խորհրդարանում՝ աշխատել եմ ՀՀՇ-ի հետ, աշխատել եմ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի հետ, աշխատել եմ «Օրինաց երկրից» Մհեր Շահգելդյանի հետ, աշխատել եմ Արթուր Աղաբեկյանի հետ, մտերմիկ, շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունեմ Գագիկ Ծառուկյանի հետ, ու երբևիցե, ոչ մի անգամ կուսակցական գործունեությամբ չեմ զբաղվել, կուսակցական չեմ եղել և առաջիկայում էլ չեմ պատրաստվում»:

Մարզպետ Պետրոսյանը վստահեցրեց՝ որևէ սևեռում Աբովյան համայնքի հանդեպ չկա, հավասար սևեռված է մարզի բոլոր 68 բնակավայրերի ուղղությամբ: «Իմ սևեռումների արդյունքում, օրինակ, Հրազդանի նախկին քաղաքապետը համայնքային բյուջե է վերադարձրել 102 միլիոն դրամ», - շեշտեց նա:

Կոտայքի մարզպետը պնդում է՝ իր ցանկությունն այն է, որ քաղաքական հին մշակույթի կրողները վերանայեն իրենց։ Աբովյանի համայնքապետի գործունեությունը որակում է հենց այդպիսին, իր առաջարկները չընդունելն էլ՝ քաղաքական սաբոտաժ։ Իսկ ի՞նչ է առաջարկում մարզպետը՝ համայնքը իր խնայած 400 միլիոն դրամով թող ոչ թե քաղաքացիների աչքը շոյի զբոսայգիներով, ասֆալտապատումով, այլ 4-րդ կարգի վթարային երկու շենքերի հարցը լուծի: «Խենթություն արա», - համայնքապետին հորդորեց մարզպետը, - «Գնալ նաև այդպիսի խենթությունների՝ 400 միլիոն կա ֆոնդային բյուջեում, սուբվենցիոն ծրագրով դիմել կառավարություն՝ ևս 400 միլիոն դրամ կառավարությունը կհատկացնի վստահաբար, 800 միլիոն դրամով՝ երկու հանրակացարանների վերաբնակեցման ծրագրեր Աբովյանում: Այդ կոսմետիկ զբոսայգիների հիմնանորոգման, մայթերի գծանշումների և այլնի փոխարեն կարելի է պարզապես երկու վթարային, վթարայնության բարձր աստիճան ունեցող երկու հանրակացարանների վերջնական բնակեցման ծրագիր իրականացնել՝ դա ա իմ տեսլականը»:

Համայնքապետը հակադարձում է՝ այդ 400 միլիոնով ավելի քան երկու տասնյակ համայնքային ծրագրեր է իրականացնելու, զբոսայգու 110 միլիոն դրամանոց վերակառուցումն՝ այս թվում: «Պետք չի ուղղակի, ես էլի եմ ասում, մարդկանց ինչ-որ հույսեր, հույզեր արթնացնել ու սլաքները ուղղել էստեղ, որ՝ «գիտե՞ք ինչ կա, քաղաքապետարանը ձեր մասին չի մտածում, ա՛յ դուք որ վթարային շենքում ապրում եք՝ էդ մարդիկ գնացել այգի են սարքում»: Իսկ ո՞վ ա ասում, որ այգին կարևոր չի, երբ որ էս քաղաքից էդ այգուց օգտվում ա 60 հազար մարդ», - ասաց Վահագն Գևորգյանը:

Համայնքապետը վստահեցնում է՝ եթե կառավարությունը վթարային այդ շենքերի համար գումար տա, իրենք էլ պատրաստակամ են՝ ոչ ամբողջությամբ, մի մասով միանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG