Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հարցը


Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու հարցը։

Այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Վանեցյանը վստահեցրեց՝ հատուկ ընթացակարգից հետո կհրապարակվի այն, ինչ եղել է։

«Ազատություն». - Դուք տեղեկություն ունե՞ք Նաիրի Հունանյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ, ինչի մասին հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ։

Վանեցյան. - Այո՛, ես տեղեկություներ ունեմ, բայց ես ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ՝ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին։

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք նո՞ւյնպես տեղեկություններ եք ունեցել, որ նա գործակալ է եղել։

Վանեցյան. - Էլի եմ ասում՝ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ այդ ասվածը։ Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը, երբ անհրաժեշտություն լինի, այդ հարցին կպատասխանի։ Մեկ անգամ ևս շեշտում եմ՝ ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում եմ։ Վստահեցնում եմ՝ հատուկ ընթացակարգից հետո կհրապարակվի այն, ինչ եղել է։

Օրեր առաջ Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003-ի դեկտեմբերին դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG