Մատչելիության հղումներ

Ուկրաինայի արևելքում սատարում են Պորոշենկոյին


«Ուկրաինա» հրատարակչությունը տպագրել է մարտի 31-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկները, Կիև, 21 մարտի, 2019թ.
«Ուկրաինա» հրատարակչությունը տպագրել է մարտի 31-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկները, Կիև, 21 մարտի, 2019թ.

Ուկրաինայում այս ամսվա վերջին տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Վերջին հարցումների համաձայն, թեկնածուներից ամենաբարձր վարկանիշն ունի շոումեն Վլադիմիր Զելենսկին. նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների մոտ 25 տոկոսը:

Երկրորդ տեղում նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» («Հայրենիք») համաուկրաինական միավորման ղեկավար Յուլիա Տիմոշենկոն է, որի վարկանիշը 18.8 տոկոս է: Երրորդը՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոն է, ով այսօրվա դրությամբ վայելում է ընտրողների 17.4 տոկոսի աջակցությունը:

Հարցումը մարտի 9-ից 15-ն անցկացրել է «Ռեյտինգ» սոցիոլոգիական կենտրոնը:

Բնականաբար, այս թվերն ամեն օր փոխվում են, և մարտի 31-ին երկրում կարող է լինել միանգամայն այլ իրավիճակ: Մինչդեռ, Ուկրաինայի արևելքում գործող նախագահն ունի հստակ աջակցություն:

Մարդիկ նշում են, որ Պորոշենկոն չի կատարել Դոնբասի պատերազմը հնարավորինս արագ ավարտելու և տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին 2014 թվականի խոստումը, բայց չնայած դրան նա շարունակում է Եվրոպական ինտեգրման քաղաքականությունը և ընդդիմանում է Ռուսաստանին:

Դա է Արևելյան Ուկրաինայում Պորոշենկոյի հեղինակության գրավականը: Նրան սատարում են նույնիսկ պատերազմում զավակներ կորցրած ընտանիքներ.

Իգոր Կոնչևիչի եղբայրը՝ Տարասը, զոհվել է 2015-ին Դեբալցևոյում: Իգորը մտադիր է սատարել գործող նախագահին:

«Նրա օգտին եմ քվեարկելու, որովհետև նա ուկրաինամետ է, նա միակ թեկնածուն է, որին Ռուսաստանը չի ցանկանում տեսնել նախագահի պաշտոնում, այ հենց այդ բանի համար էլ ես իմ քվեն կտամ Պորոշենկոյին», - ասել է Իգորը:

Մայդանում զոհված Անատոլի Ժիլովագայի հայրը՝ Գրիգորին, համոզված է, որ չի կարելի քվեարկել հօգուտ շոումեն Զելենսկու:

«Ինչ են ուզում նրանք, ովքեր պատրաստ են քվեն տալ Զելենսկուն՝ ստանալ ծաղրածուների երկի՞ր, իսկ նրանք, ովքեր Տիմոշոնկոյի կողմնակից են՝ պարզապես հիմարներ են, խաբված մարդիկ։ Ես ինքս քվես կտամ Պորոշենկոյին: Սկանդալներն, այդ թվում՝ Պորոշենկոյին մոտ կանգնած մարդկանց հետ առնչվող, լուրջ հարված են հասցրել նախագահի հեղինակությանը, բայց նրա կարգախոսը՝ «Բանակ, հավատք, լեզու» միևնույն է արձագանքում է ընտրողի սրտում, ուստի, տալիս է երկրորդ փուլի հնարավորություն», - ասել է Գրիգորի Ժիլովագան:

Ուկրաինայում ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա մարտի 31-ին, ենթադրվում է, որ թեկնածուներից և ոչ մեկն այդ օրը չի հաղթի:

Նրանցից առավել քվեներ վաստակած երկուսը կանցնեն երկրորդ փուլ, որը նախատեսվում է անցկացնել ապրիլի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG