Մատչելիության հղումներ

Սանասարյանը դատարանում կվիճարկի Էթիկայի հանձնաժողովի որոշումը


Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանը դատական կարգով վիճարկելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը:

Մարտի 18-ին հանձնաժողովի կայացրած որոշման համաձայն, Դավիթ Սանասարյանը թույլ է տվել էթիկայի խախտում՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումը:

Երևանի պետական համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ Դավիթ Սանասարյանի հետևյալ մեկնաբանությունները՝ «ԵՊՀ ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «Ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ ձեզ, որ այս գործը դատարան է գնալու» և մի քանի այլ հայտարարություններ հանձնաժողովը մեկնաբանել է որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում և «ուժի ցուցադրում»։

«Ուրախ եմ, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորությունները իրականացնել, և ես ամեն ինչ կանեմ, ամեն ձևի կնպաստեմ, որ ոչ միայն էդ հանձնաժողովը, այլև մնացած կառույցները իրենց իրավասությունների շրջանակներում գործեն։ Երկրորդը՝ մենք դիմելու ենք... ես ինքս, ուղղակի, ասի՝ տեսնեմ քանի վարույթ է ընդունվել, դուք ինքներդ փորձեք հետաքննություն անել ու կտեսնեք, որ նախկինում փաստորեն չի գործել այդ կառույցը, ըստ էության․․․ Այսինքն, իրա էդ մի ֆունկցիան մի քանի պաշտոնյայի վերաբերյալ է եղել։ Իմ շնորհիվ չէ, Արամ Սիմոնյանի շնորհիվ սկսեց գործել, մեր իշխանության շնորհիվ», - նշեց Սանասարյանը։։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ 30-օրյա ժամկետում հանձնաժողովի եզրակացության բողոքարկումը պաշտոնյայի իրավունքն է: Արձագանքելով Սանասարյանի ակնարկներին՝ Շաթիրյանն ընդունում է, որ մեծ չի եղել հանձնաժողովի ընդունած վարույթների թիվը էթիկայի կանոների խախտման վերաբերյալ, բայց միանշանակ է, որ սա առաջին դեպքը չէր։

«Առնվազն Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասով ևս հանձնաժողովը ընդունել է եզրակացություն, որով արձանագրվել է էթիկայի կանոնի խախտում։ Անցած տարի ևս, նախանցած տարի ևս հարուցվել են էթիկայի կանոնների առերևույթ խախտման հատկանիշներով վարույթներ: Այլ հարց է, որ վարույթների արդյունքներով, օբյեկտիվ պատճառներով եզրակացություն չի ընդունվել, որով կփաստվի խախտման առկայությունը կամ բացակայությունը», - ընդգծեց Շաթիրյանը։

Հարկ է նշել, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կազմը իշխանափոխությունից հետո փոփոխության չի ենթարկվել, միայն շուրջ 2 ամիս առաջ պաշտոնաթող է եղել դրա նախագահը: Շաթիրյանից հետաքրքվեցինք, թե արդյոք հանձնաժողովի վերջին որոշումը նշանակում է, որ այժմ կազմը ավելի անկաշկանդ է գործում, քանի նախկին իշխանությունների օրոք:

«Գիտե՞ք, նոր իշխանություն, հին իշխանություն՝ էդ, մասնագիտական գործունեություն իրականացնելիս էդ դասակարգումները խիստ պայմանական են և միգուցե ինչ-որ չափով սուբյեկտիվ», - պատասխանեց Էթիկայի հանձնաժողովի անդամը։

Արձագանքելով «Ազատության» հարցին՝ բացառո՞ւմ է, որ նախկին իշխանությունների ժամանակ կաշկանդված են եղել, իսկ հիմա կաշկանդված չեն, Շաթիրյանն ասաց. - «Մի բան փաստ է, որ այս պահին հանձնաժողովը կոնկրետ անձով կամ անձանց շրջանակով կաշկանդված չէ։ Կաշկանդված է օրենքով, գործում է օրենքի հիման վրա, օրենքի տառով և օրենքի ոգով»։

Էդգար Շաթիրյանը բացառում է, որ հանձնաժողովի որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորը ևս բացառում է նման վարկածը, որոշումն էլ սպասելի էր համարում, բայց հրաժարվեց հավելյալ մեկնաբանությունից:

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի ուսումնասիրությունների համաձայն՝ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ: Այս ուսումնասիրությունների մի մասի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որը ուղարկվել է Քննչական կոմիտե և նախաքննության փուլում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG