Մատչելիության հղումներ

Քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները


Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները նոր հնարավորություններ են բացում Շվեդիայի հետ կապերը խորացնելու համար, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարար Փիթեր Էրիքսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանն ունի բարեփոխումների մեծ օրակարգ և պատրաստ է ընդլայնել գործակցությունը ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Փիթեր Էրիքսոնը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և ուրախ է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու առիթի համար: Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման հարցերի նախարարը ողջունել է Հայաստանում կատարվող փոփոխությունները, որոնք իրականացվում են ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողման և շուկայական տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա նշել է, որ Շվեդիան պատրաստ է խորացնել Հայաստանի հետ կապերը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև «Արևելյան գործընկերության» շրջանակում՝ որպես 10 տարի առաջ «Արևելյան գործընկերությունը» նախաձեռնած երկիր:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով, ներառյալ՝ շրջակա միջավայրի պահպանության, վերականգնվող էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկուստեք միջգերատեսչական մակարդակով համատեղ աշխատել Փոխըմբռնման հուշագրի մշակման շուրջ, որում նախանշված կլինեն համագործակցության կոնկրետ ուղղությունները և ծրագրերը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կայունության հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Նիկոլ Փաշինյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG