Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Շախմատի ֆեդերացիայի դեմ դատական գործընթաց է սկսել միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը:
Հավաքականի նախկին անդամը պնդում է՝ ֆեդերացիայում կանոնադրության խախտմամբ փոփոխել են հավաքականի կազմավորման կարգը և իրեն հղիության ընթացքում դուրս թողել թիմի կազմից: 2017 թվականի դեկտեմբերի 17-ի խորհրդի նիստը իրավական ուժ չունի, պնդում է շախմատիստը, բացատրելով՝ չի ապահովվել կազմի երկու երրորդի ներկայությունը:
«Ստորագրություններ չեն ներկայացվել, բնականաբար։ Ուղղակի այսպես ասեմ՝ ֆեդերացիայի կնիքով փաստաթուղթ է, որտեղ ներկայացվել են այդ տասնըքանի անձը, ու նրանց ոչ մեկի անվան դիմաց չկա ստորագրություն։ Ինքը խորհրդի նիստ կոչվելու իրավունք չունի, դա ինչ-որ ժողով է, որին ներկա է լինում ֆեդերացիայի նախագահը։ Քանի որ նա հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահ, ի՞նչ է, կարելի է խախտե՞լ ֆեդերացիայի կանոնադրությունը, որովհետև այդտեղ ներկա է բարձրաստիճան պաշտոնյա», - ընդգծեց գրոսմայստերը։
Մինչ դատական գործընթացը Գալոյանը դիմել է նաև Սպորտի նախարարություն, ֆեդերացիան գերատեսչությանը ներկայացրած պարզաբանման մեջ հղում է կատարել մի կանոնադրության, որի օրինականությունը ևս Գալոյանը կասկածի տակ է դնում: Պետռեգիստրից ստացված փաստաթղթի տակ ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությունն է։
«Լավ կլիներ, որ ինքը տեղյակ լիներ՝ ինչ է կատարվում ֆեդերացիայում, այն փաստաթղթերը, որոնք ինքը ստորագրեր, ավելի մանրամասն տեղյակ լիներ դրանց։ Ի վերջո, ասենք, կոնֆերանսին նաև ինքն է մասնակցել, ու, ասենք, ըտեղ ես ներկա չեմ եղել, բայց փաստաթղթերում գրված է՝ ես ներկա եմ եղել, ու ըստ տեասահոլովակների և ըստ մամուլի անդրադարձի՝ բավական թվով ԶԼՄ-ներ են եղել այդտեղ։ Անգամ ակնարկ չկա, որ այդտեղ կանոնադրության փոփոխություն է եղել», - նշեց շախմատիստուհին։
Հավաքականի վերջնական կազմը ձևավորվել է արդեն 2018 թվականի մայիսի 2-ին, երբ Հայաստանը գտնվում էր քաղաքական թեժ իրադարձությունների կիզակետում: Հավաքականում ներառված չլինելու մասին Գալոյանը տեղեկացել է ավելի ուշ, երբ անձամբ գնացել է ֆեդերացիա: Չի բացառում, որ որոշման պատճառը իր ու իր ընտանիքի քաղաքական հայացքներն են եղել: Հարկ է նշել, որ Գալոյանը այդ օրերին չի միացել Հայաստանի շախմատի հավաքականի անդամների՝ Սերժ Սարգսյանին սատարող հայտարարությանը, որում շախմատիստները շնորհավորել են Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը՝ անթույլատրելի էին համարել բոլոր այն քայլերը, կոչերն ու գործողությունները, որոնք կարող են վնասել Հայաստանին:
«Ֆեյսբուքում որոշ ստատուսներ գրել եմ՝ ոգևորվելով հեղափոխությունից, և, ասենք, ինձ այս փոփոխությունը շատ հոգեհարազատ է», - ասաց Լիլիթ Գալոյանը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը «Ազատության» հետ զրույցում զրպարտություն որակեց Գալոյանի այս մեղադրանքները: Ասում է, որ գրոսմայստերին առաջարկել են մասնակցել միջազգային մրցաշարի, որի ծախսերը ամբողջությամբ ֆեդերացիան հոգալու էր՝ չունենալով նման պարտավորություն, բայց քանի որ հղիության պատճառով Գալոյանը հրաժարվել է մասնակցել մրցաշարերին, հնարավորություն չի եղել գնահատել նրա մարզական պատրաստվածությունը, և նա չի ընդգրկվել հավաքականի կազմում: Իսկ հավաքականի կազմավորման կարգը փոխել են, որպեսզի այն առավել մրցունակ դառնա, վստահեցնում են ֆեդերացիայից՝ բացառելով գործընթացում անօրինականությունը։
«Բոլոր խորհրդի նիստի անդամներին մենք տեղյակ ենք պահել, և իրենք հեռակա կարգով նաև համաձայնել են, որ այդ որոշումներին իրենք կողմ են», - նշեց Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է Լիլիթ Գալոյանի ներկայացրած ֆինանսական պահանջներին, այն է՝ հավաքականում իր տեղը վերականգնելուց հետո ամսական 175 հազար դրամ և 1400 դոլար մրցաշարի մասնակցության համար, ֆեդերացիայից հակադարձում են՝ պետությունը մարզիկների համար աշխատավարձ չի նախատեսում, և այդ վճարները ֆեդերացիան իր մարզիկներին սեփական հայեցողությամբ է տրամադրել:
Միքայել Անդրեասյանը դա անվանում է սոցիալական օգնություն: «15 տարի Գալոյանը եղել է հավաքականում, այդ 15 տարվա ընթացքում ինքը ինչ պահանջ ունեցել է, ֆեդերացիան կատարել է։ Գալոյանի հանդեպ որևէ վատ բան ընդհանրապես չկա, բոլորը իր հանդեպ դրական են տրամադրված եղել», - ընդգծեց Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։
Գործով առաջին դատական նիստը արդեն տեղի է ունեցել: Ինչպես հայցվոր կողմը նշեց, դեռևս դատարան չի ներկայացվել, իրենց պնդմամբ, կեղծված արձանագրությունը, որը կազմվել է 2017 թվականի խորհրդի նիստի ժամանակ: Խորհրդի նախագահը, հիշեցնենք, Սերժ Սարգսյանն է, ով, ըստ կանոնադրության, շարունակելու է ղեկավարել այն մինչև 2022 թվականը: