Մատչելիության հղումներ

Չարենցավանում ավազակային հարձակման գործով երկու անձ ձերբակալվել է


Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Չարենցավան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով, մարտի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ դիմակավորված, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ որպես զենք հանդիսացող դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հարձակում է գործել տանտիրուհու և վերջինիս մտերմուհու վրա, ով այդ պահին գտնվել է նույն բնակարանում: Այնուհետև թափանցիկ կպչուն ժապավենով կապելով տանտիրուհու ոտքերը և ձեռքերը՝ պահանջել է ոսկյա զարդեր և գումար, ինչից հետո վերջինիս քարշ է տվել ննջասենյակ և այնտեղ գտնվող զգեստապահարանից հափշտակելով ոսկյա և արծաթյա զարդեր, դիմել է փախուստի՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս, փոխանցում է Քննչական կմիտեն:

Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով («ավազակությունը, որը կատարվել է խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ»), որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Տանտիրուհին ճանաչվել է տուժող:

Քրեական գործով կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել խուզարկություններ:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով, ըստ Քննչական կոմիտեի, Չարենցավանի 42-ամյա բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել նաև տանտիրուհու 36-ամյա մտերմուհու՝ դեպքին հնարավոր առնչություն ունենալու վերաբերյալ:

Մարտի 18-ին 42-ամյա տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նա ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք: Զինված ավազակային հարձակմանը օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է նաև Չարենցավան քաղաքի 36-ամյա բնակչուհին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG