Մատչելիության հղումներ

Դասադուլ Ավշարի միջնակարգ դպրոցում՝ տնօրենի հրաժարականի պահանջով


Ավշարի միջնակարգ դպրոցում գարնանային արձակուրդները նախատեսվածից շուտ են եկել. մեկ շաբաթից ավելի է` ուսուցիչներն ու աշակերտները դասադուլ են հայտարարել, պատճառը նոր տնօրենն է։

Թեև աշակերտների մեծ մասը նրա հետ չի հասցրել ծանոթանալ, բայց ասում են` նոր տնօրենի մասին միայն վատ բաներ են լսել։

Վերջին օրերին դպրոցում զարգացող իրադարձությունների առիթով Արարատի մարզպետարանում այսօր քննարկում էր հրավիրվել։ Այն լրատվամիջոցների համար փակ էր:

Քննարկմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը և Ավշարի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհուրդը:

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան, արխիվ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան, արխիվ

Երկու ժամից ավելի տևած քննարկումից հետո մանկավարժներն Արարատի մարզպետի աշխատասենյակից վրդովված դուրս եկան՝ նրանց պահանջները չէին բավարարվել:

«Հստակ սահմանված է՝ եթե մենք էլ աշխատենք, աշակերտների մի մասին կկորցնենք, որովհետև ծնողները չեն ուզում աշխատել, իրավիճակը լարված է», - ասաց ուսուցիչներից մեկը։

Մեկ այլ ուսուցիչ հավելեց. - «Ո՛չ, մենք չենք աշխատելու, մենք հստակ դիրքորոշումը դրեցինք մարզպետի մոտ և դուրս եկանք՝ տնօրենի հեռացում»։

«Ազատության» հարցին, թե աշխատե՞լ են նոր տնօրենի հետ, ուսուցիչներից մեկը պատասխանեց. - «Տնօրենն ինքը թույլ չտվեց, ինքը ստեղծեց այն մեծ անջրպետը, որ էլ հետադարձ ճանապարհ չկա»։

Ուսուցիչներն ասացին` ամեն ինչ սկսվեց, երբ նոր տնօրենը դպրոցի գործավարուհուն հրամայեց ուսմասվարի ազատման հրամանը գրել։ Իրենց խոսքով՝ գործավարուհին չէր գրել հրամանը, քանի որ ուսմասվարից ազատման դիմում չէր ստացել։

Չնայած ուսմասվարը շարունակում է պաշտոնավարել, ամեն դեպքում մանկավարժներն այլևս չեն ուզում աշխատել նոր տնօրենի հետ, ասում են` դա իրենց համար սկզբունքային հարց է: Նրանք պնդում են՝ տնօրենն առաջին իսկ օրն իրենց արհամարհել է։

«Դուք սուտասան եք, Դուք ինձ լավ չդիմավորեցիք, կեղծ ծափահարեցիք», - ըստ ուսուցիչների, ասել է տնօրենը։

Ավելի ուշ նաև դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դուրս եկավ մարզպետի աշխատասենյակից՝ հրաժարվելով մեկնաբանել ուսուցիչների մեղադրանքները։ Նա հայտարարեց՝ արդարացումների կարիք չունի։

Ուսուցիչների պահանջը` նոր տնօրենին հեռացնելու վերաբերյալ չի կարող բավարվել, քանի որ իրավական հիմքեր չկան, ասաց Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյան
ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյան

Ուսուցիչների դիտարկմանը, թե տնօրենն արհամարհել է իրենց, Արշակյանն այսպես արձագանքեց. - «Ներողոթյուն, ես չեմ կարող ասել՝ դա այդպես է եղել, թե՞՝ այդպես չի եղել, որովհետև դա ապացուցելի բան չէ։ Ներողություն, բայց ասում է՝ «երկու մարդու մեջի վեճ»։ Սա պետական հիմնարկ է, և ցանկացած հարաբերություն պետք է կարգավորվի իրավական հարթության մեջ»։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրավիճակի լուծման մի տարբերակ է տեսնում՝ բոլոր ներքին խնդիրները պետք է կարգավորել երկխոսությամբ, վերականգնել դասապրոցեսը, հակառակ դեպքում իրենք շարժվելու են օրենքով։

«Դասի չներկայացած բոլոր ուսուցիչներին կարող է տրվել նկատողություն, քանի որ նրանց բացակայությունը հիմնավոր չէ, արդարացված չեն նրանց բացակայությունները։ Դասի չներկայացած բոլոր աշակերտներին կարող են նշանակվել բացականեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց մարզպետը։

Գարիկ Սարգսյանը մեկնաբանեց նաև շրջանառվող այն լուրերը, թե ուսուցիչների դասադուլի հետևում քաղաքական հետք կա. - «Հարցադրումը մենք արեցինք ուսուցիչներին, թե արդյո՞ք այստեղ կա որևէ մեկի հավակնությունը՝ լինելու Ավշարի դպրոցի տնօրեն, որովհետև այդպիսի ողջամիտ կասկածներ մենք ունեինք, նրանք միաձայն ասացին՝ «ո՛չ, չկա այդպիսի մեկը մեր միջից, որ հավակնում է լինել դպրոցի տնօրեն»։

Թե ովքեր են ուսուցիչներին դրդել գործադուլի գնալ, մարզպետը չշտապեց անուններ տալ: Նա պնդեց` դպրոց են եկել մի խումբ անձինք, որոնք հայհոյանքներ են հնչեցրել նոր տնօրենի հասցեին։ Հիմա այդ հարցով, ըստ Գարիկ Սարգսյանի, ոստիկանությունն է զբաղվում:

«Այդ մարդիկ դպրոցի հետ որևէ կապ չեն ունեցել՝ ո՛չ ծնող են եղել, ո՛չ ուսուցչական անձնակազմից, կամ տնօրենի տեխնիկական սպասարկող անձնակազմից և նրանք հայտնվել են դպրոցում՝ ընդհուպ մինչև տնօրենի աշխատասենյակ։ Այստեղ մեզ մոտ ողջամիտ կասկածներ են առաջ գալիս, որ կարող են լինել ուղղորդված սադրիչներ, և կարող է սա ինչ-որ քաղաքական նպատակ ունենա», - ասաց մարզպետը։

Ուսուցիչները կտրականապես հերքում են` ոչ մի քաղաքական շարժառիթ չկա իրենց քայլերում։ Նրանց խոսքով՝ բողոքի ակցիան կապված է բացառապես նոր տնօրենի պահվածքով:

«Դրա հետևում չեն կարող քաղաքական ուժեր լինել, որովհետև այստեղ ավելի ենթարկվող են, ավելի զուսպ են, չքաղաքականացնել։ Հնարավոր է, որ ստեղծված իրավիճակում որոշ մարդիկ փորձեն պղտոր ջրում ձուկ բռնել, դրա պատասխանը մենք տալ չենք կարող», - ասացին ուսուցիչները։

Մարզպետարանում տեղի ունեցած քննարկումից հետո մանկավարժական խորհուրդը դպրոցում էր քննարկում կազմակերպել, հաստատակամ են` մտադիր են շարունակել բողոքի ակցիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG