Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի փաստաբանները ՄԻԵԴ են դիմել


Մանվել Գրիգորյան, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանների դիմումն այն մասին, որ ծանր հիվանդություններ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։

«Ազատության» հետ զրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ Եվրոպական դատարանն իրենց դիմումին արձագանքել է մեկուկես օրում և իրենցից փաստաթղթեր խնդրել հիվանդությունների և Գրիգորյանի բուժման վերաբերյալ։ Սպասվում է, որ ՄԻԵԴ-ը առաջիկակում հարցեր կուղղի Հայաստանի կառավարությանը, ասաց փաստաբան Մկրտչյանը։

Գրիգորյանի փաստաբանները շարունակում են ահազանգել, որ նա մի շարք ծանր հիվանդություններ, մասնավորապես թոքերի քաղցկեղ և շաքարային դիաբետ ունի։ Մկրտչյանն ասաց, որ քաղցկեղի բուժման շարունակությունն անհրաժեշտ է կատարել արտերկրում։

6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Մանվել Գրիգորյանի գործով Եվրադատարանից դեռևս հարցում չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG