Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը հաջորդ ամիս կայցելի Թուրքիա


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Մոտ մեկ ամսից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Այդ մասին Բելառուսի ղեկավարը հայտարարեց Մինսկում Թուրքիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր հանդիպման պատճառը ոչ միայն այն խոր հարգանքն է, որ ես տածում եմ ձեր երկրի հանդեպ: Հարցը նաև գործնական հարթությունում է հարկավոր դիտարկել: Ապրիլի կեսերին ես պաշտոնական այցով մեկնում եմ Թուրքիա, որտեղ հանդիպելու եմ ձեր երկրի նախագահի հետ», - դիմելով Թուրքիայի դեսպանին՝ նշում էր Լուկաշենկոն, ընդգծելով, որ առաջիկա բանակցությունների օրակարգը, ըստ ամենայնի, վերջնական տեսքի է բերվելու թուրք-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի՝ առաջիկա օրերին կայանալիք նիստի ժամանակ:

Լուկաշենկոյի խոսքով, սակայն, երկկողմ հարաբերություններում նաև որոշակի խնդիրներ են առկա:

«Այդ իսկ պատճառով, եկեք քննարկենք մեր հարցերը առկա խնդիրների տեսանկյունից: Դրական երևույթները տեսանելի են, դրանց մասին խոսելը հաճելի է: Բայց չէ՞ որ առկա են նաև խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Ես ցանկանում եմ, որպեսզի մենք անկեղծորեն քննարկենք խնդրահարույց հարցերը», - հայտարարում էր Լուկաշենկոն`չհստակեցնելով, այնուհանդերձ, թե որոնք են Անկարայի և Մինսկի միջև ծագած այդ խնդիրները:

Բելառուսում Թուրքիայի դեսպան Քեզբան Նիլվանա Դարաման, մինչդեռ, հակառակը՝ պնդում էր, թե Բելառուսի և Թուրքիայի միջև որևէ էական խնդիր այսօր գոյություն չունի: Տնտեսական կապերը երկու երկրների միջև տարեցտարի ավելի են խորանում: 2018 թվականին երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը Թուրքիայի և Բելառուսի միջև 984 միլիոն դոլար է կազմել: Ուղղակի թուրքական ներդրումների ընդհանուր ծավալը Բելառուսում նույն ժամանակահատվածում ավելի քան 40 միլիոն դոլար է կազմել:

Բավական ակտիվորեն են զարգանում նաև Մինսկի և Անկարայի հարաբերությունները ռազմատեխնիկական բնագավառում: 2015 թվականից ի վեր գործում է Ռազմարդյունաբերական համագործակցության թուրք-բելառուսական խորհուրդը: 2018-ի հուլիսին Թուրքիան հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության օպերատիվ-մարտավարական «Խան» հրթիռային համակարգերը, որոնց ստեղծմանը մասնակցել էր նաև բելառուսական կողմը: Պաշտոնական Մինսկը նաև հայտարարում էր, որ առաջիկա տարիներին զարգացնելու է հրթիռների արտադրության սեփական ծրագիրը` հաշվի առնելով թուրքական փորձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG