Մատչելիության հղումներ

Չեխիայում «բույն էին դրել» ռուս ցանցահենները


Ռուսները հաքերային ակտիվություն են ծավալում տասնյակ երկրներում
Ռուսները հաքերային ակտիվություն են ծավալում տասնյակ երկրներում

Չեխիայի հակահետախուզությունը պարզել է, որ մի խումբ ռուսաստանցի ցանցահեններ (հաքերներ) երկրի տարածքում տևական ժամանակ կիբերհարձակումների են ենթարկել Չեխիայի և Եվրոպական միության մի շարք այլ պետությունների կայքերը: Այդ մասին հայտնել է «Ռեսպեկտ» չեխական հանդեսը՝ վկայակոչելով հանրապետության հակահետախուզական ծառայության՝ BIS-ի հաղորդագրությունը:

Հանդեսի փոխանցմամբ, հաքերների խմբի մեջ էին ոչ միայն ռուսաստանցիներ, այլև Չեխիայի քաղաքացիություն ստացած ռուսներ: Նրանք ստեղծել էին երկու մասնավոր ընկերություններ, որոնք ի պաշտոնե զբաղվել են համակարգիչների վաճառքի և համակարգչային ծրագրերի սպասարկման բիզնեսով: Այդ գործունեության քողի ներքո երկու ընկերությունները կատարել են մի շարք կիբերհարձակումներ: Անհրաժեշտ տեխնիկան այդ մարդիկ Չեխիա են բերել ռուսական դիվանագիտական խողովակներով:

«Ռեսպեկտ» հանդեսի հետաքննող լրագրող Օնջեյ Կունդրան «Ազատություն» ռադիոկայանի ոուսական ծառայությանը փոխանցել է, որ ռուս հաքերներն ավելի քան երկու տարի են զբաղվել կիբերգրոհներով: Ըստ լրագրողի, Չեխիայի հակահետախուզական ծառայությունն այդ ընթացքում հետևել է ռուսների ակտիվությանը:

«Մենք հիմա չենք կարող ասել, թե կոնկրետ քանի մարդ էր ընդգրկված հաքերների խմբում, սակայն ակնհայտ է, որ առնվազն մի քանի հոգի էր», - ասել է Կունդրան: Չեխական լրատվամիջոցները նշում են, որ BIS-ը հրաժարվում է ամբողջությամբ բացահայտել ռուս հաքերներին վերաբերող տեղեկատվությունը:

Անցյալում, երբ ի հայտ են եկել տեղեկություններ ռուսաստանցի հաքերների մասին, որպես կանոն, նշվել է, որ նրանք կատարել են Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի (նախկինում՝ ԶՈւ գլխավոր հետախուզական վարչության՝ ГРУ-ի) հրահանգները:

Ուշագրավ հանգամանք՝ Չեխիայի դեպքում ռուս հաքերները ենթարկվել են Անվտանգության դաշնային ծառայությանը՝ ФСБ-ին:

«Ռեսպեկտ»-ը ենթադրում է, որ Չեխիայում «բույն դրած» գործակալները հավանաբար ընդգրկված են եղել հաքերային մի ավելի ընդարձակ կառույցում, որը գործել է և գուցե շարունակում է գործել Եվրոպայում կամ աշխարհի այլ շրջաններում: Կառույցն իր հաքերային ակտիվության համար անհրաժեշտ սարքավորումները տեղադրել է տարբեր երկրներում, ինչն ընձեռում է մեկ երկրում ցանցի բացահայտման դեպքում ընդհանուր աշխատանքը շարունակելու հնարավորություն:

Չեխիայում անցած երկու տարվա ընթացքում գրոհի է ենթարկվել ԱԳՆ կայքը, հաքերները կոտրել են բոլեր դիվանագետների և նույնիսկ արտգործնախարարի էլեկտրոնային փոստը: Ըստ «Ռեսպեկտ»-ի հետաքննող լրագրող Կունդրայի, ենթադրվում է, որ այդ գրոհին մասնակցել են նաև չինացի ցանցահենները:

Հակահետախուզական ծառայությունը նշել է, որ 2017 թվականին գրոհի են ենթարկվել ոչ միայն արտգործնախարարությունը, այլև մի շարք ուրիշ պետական գերատեսչություններ:

2018 թվականի հոկտեմբերին Չեխիայի իրավապահները ձերբակալել են Ռուսաստանի և Վիետնամի 8 քաղաքացիների, ովքեր հարձակումներ են գործել Չեխիայում բնակության իրավունքի տրամադրումը կարգավորող ԱԳՆ բաժնի վրա:

1993 թվականից սկսած Չեխիայում քաղաքացիություն է ստացել 4 հազար 764 ռուսաստանցի: Բացի այդ, մշտական բնակության իրավունք է ստացել 38 հազար 223 ռուսաստանցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG