Մատչելիության հղումներ

Քասախի ավագանու անդամը հացադուլով պահանջում էր գյուղապետի հրաժարականը


Քասախի ավագանու անդամ Արթուր Մարդանյան, 19-ը մարտի 2019թ.

Արթուր Մարդանյանը պայքարը շարունակելու է այսօրվանից առանց հացադուլի։

Հինգերորդ օրն է՝ Քասախի կենտրոնում վրան խփել ու հացադուլ է հայտարարել գյուղի ավագանու անդամ Արթուր Մարդանյանը։ Նրա պահանջը մեկն է ՝ 28 տարվա գյուղապետը պետք է հեռանա։

«Ես ասում եմ՝ դուք գող եք, պաստառը փակցրել եմ՝ թալանչի գյուղապետ։ Ես ասում եմ՝ եթե համաձայն չեք էդ բառի հետ, ինձ դատի տվեք, եթե դուք ինձ չեք տալիս, հինգերորդ օրը ստեղ նտած եք, ուրեմն դուք համաձայն եք էդ բառի հետ», - նշեց Մարդանյանը։

Ավագանու 5 անդամների հետ պայքարում են ընտրվելու ամսից՝ սեպտեմբերից։

Մարդանյանը պատմում է՝ գյուղից ավելի քան 900 ստորագրություն հավաքեցին, հասան նրան, որ մարզպետարանը ուսումնասիրություն սկսեց, չեն կասկածում՝ աղաղակող խախտումներ են հայտնաբերվել, բայց իրավապահներին են ուղարկել ծաղկաքաղ։

«Էդ աղաղակող խախտումների հետագիծը կարճվեց, ընդհանրապես քրեական գործ էլ չհարուցվեց էդ առումով», - ընդգծեց Մարդանյանը։

Գյուղապետը գերեզմանոցի գրանցամատյան չի պահել, փողը բյուջե չի մուտքագրել, տանիքի համար դուրս գրված փողերը տանիքներին չեն հասել. մեղադրանքները շատ են՝ մոտ 30 կետ։

Իրավապահներին չարաշահումների մասին հաղորդումներ են ներկայացրել ավագանու անդամներ Մարդանյանն ու Աբրահամյանը։ Նրանց շահերի պաշտպանը Տիգրան Սարգսյանն է։

«Մենք ունենք հաղորդումներ, որոնց հիման վրա քրեական գործ չի հարուցվել, մենք քրեական գործ չհարուցելու որոշումը վիճարկում ենք դատական կարգով և դեռ դատաքննության փուլում ենք», - նշեց փաստաբանը։

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են՝ հացադուլ հայտարարած Մարդանյանի դիմումին ընթացք են տվել, հարուցվել է քրեական գործ. «Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով և 308-րդ հոդվածի առաջին մասով, այսինքն՝ յուրացման կամ վատնման միջոցով հափշտակության, պաշտոնական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով»։

Արա Մկրտչյանն ընդամենը 30-ամյա ՀՀՇ-ական էր, երբ դարձավ գյուղխորհրդի նախագահ, այժմ 59-ամյա հանրապետական է, և իր դեմ սկսված արշավը հենց կուսակցական պատկանելությամբ է բացատրում։

«Անխոս, իբրև հին իշխանությունների մշակույթը կրող մարդ, երևի թե պատճառաբանությունը էդ ա, այսինքն՝ միակ հիմքը էդ ա, բայց ես ինչքան էլ որ եղել եմ կուսակցական, ես ինձ անվանել են Քասախի Արայիկ», - ասաց Արա Մկրտչյանը։

Մեղադրանքները համայնքապետ Մկրտչյանը չի ընդունում, ասում է՝ եթե պաշտոնը չարաշահած լիներ, 7 անգամ անընդմեջ քասախցու քվեն չէր ստանա։

«Ես ինչի՞ համար և ո՞ւմ համար պետք է հրաժարական տամ, եթե ես ինքս իմ մեջ գտնում եմ էդ պոտենցիալը», - ընդգծեց համայնքապետը։

Քասախը փայլում է, «Տարվա լավագույն համայնք» մրցույթում են հաղթանակ գրանցել, հպարտանում է Մկրտչյանը։ Այժմ էլ զարգացման ծրագրեր ունեն, բայց ավագանու ընդվզող անդամները կասեցնում են դրանք։

«Շատ-շատ անհրաժեշտ է ավագանու նիստ, ճիշտն ասած մենք արդեն պետք է անեինք էս նիստը, բայց կապված էս հացադուլի հետ՝ մի քիչ ձգձգում ենք։ Այս տարվա համար ես արդեն իսկ նախատեսել եմ 8 ծրագիր», - նշեց համայնքապետը։

Հաջորդ շաբաթ ավագանու նիստ է նշանակված, համայնքապետը հույս ունի՝ երկխոսություն կստացվի. «Բանախոսներ ուղարկում եմ և ջուր եմ ուղարկում, չգիտեմ ընդունում է, չի ընդունում, բայց, այնուամենայնիվ, չունեմ էդ թշնամական հարաբերությունը ցանկացած մեկի հետ»։

Ավագանու անդամ Արթուր Մարդանյանը նիստին կգնա։ Պնդումն անփոփոխ է՝ համայնքապետը թող հեռանա, և եթե արդար է՝ կվերընտրվի։ Պայքարը շարունակելու է այսօրվանից առանց հացադուլի, ասաց՝ ենթարկվում է մարտական ընկերոջ, իր հրամանատարի գրավոր հորդորին՝ «անհապաղ դադարեցնել հացադուլը»։ Թիմով կընտրեն պայքարի նոր մարտավարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG