Մատչելիության հղումներ

Երևանում տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեհի


Հայաստանցի իրավապաշտպաններն ու ակտիվիստները ևս միացել են Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության բաց նամակին, որով կոչ է արվում Իրանի իշխանություններին ազատ արձակել իրանցի իրավապաշտպան Նասրին Սոթուդեհին։

Այսօր նրանք Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի առջև լուռ բողոքի ակցիա անցկացրեցին:

«Իհարկե, այլ մեղադրանք ենք իրեն առաջադրել, ինչպես լինում է բռնապետական երկրներում: Օգուտ կա թե չէ՝ դժվարանում եմ ասել, բայց մի բան միանշանակ է, որ մենք չենք կարող անտարբեր լինել, երբ որ հատկապես մեր հարևան երկրում է տեղի ունենում իրավապաշտպանի նկատմամբ այս կարգի բռնաճնշումը: Միանշանակ մեղադրանքը շինծու էր, և կարծում եմ, մեր հասարակությանն էլ է ծանոթ նման դեպքեր, երբ որ ակտիվ մարդկանց, ովքեր քաղաքական այլախոհներ են, ովքեր իրավապաշտպաններ են, հաճախ պիտակավորում են որպես ազգի և պետության թշնամի», - «Ազատությանն» ասաց իրավապաշտպան Արման Ղարիբյանը:

Ակտիվիստ, իրանահայ Վարդգես Գասպարին, ով ծանոթ է Իրանի բարքերին, չի կարծում, թե հարևան երկրի իշխանությունները կանսան իրենց պահանջին․ - «Գիտեք, այս իրավիճակում ուղղակիորեն իմ շատ անզոր ձայնն եմ ես բարձրացնում, որպեսզի կալանավայրում գտնվող իրավապաշտպանին գոնե փոքր-ինչ քաջություն գուցե հաղորդեմ, հոգեկան զորակցություն հաղորդեմ, որ ինքը զգա, որ ինքը մոռացված չի, և մարդիկ կան, շատ քիչ, բայց այնուամենայնիվ հետաքրքրված են նրա ճակատագրով»:

Ըստ պաշտոնական աղբյուրների, իրանցի ականավոր իրավապաշտպանը մարտի 11-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման համակարգի դեմ գործելու և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին վիրավորելու համար։

Նրա ամուսինը՝ Ռեզա Խանդանը, մինչդեռ, հայտարարել է, որ կնոջը դատապարտել են ընդհանուր առմամբ 38 տարվա տարվա ազատազրկման: Դատարանը նաև որոշել է 55-ամյա Սոթուդեհին ենթարկել մտրակի 148 հարվածի։

«Իրանում կանանց իրավունքները խախտվում են», - պնդում է ակտիվիստ Արփինե Գալֆայանը: - «Նախ այն հարցը, որ կանանց ստիպում են հիջաբ կրել, և դրա համար շատ կանայք որպես ակցիա, որպես բողոք հանում են հիջաբը: Այս կինը նրանցից շատերի պաշտպանն էր նաև: Ու հիմա նրան պատժում են: Ինձ համար ուղղակի դա անընդունելի է, և հույս ունեմ, որ մարդկանց ձայնը տեղ կհասնի ոչ միայն կոնկրետ Նասրին Սոթուդեհին ազատելու հարցում, այլ ընդհանրապես էս ռեպրեսիաներին վերջ տալու հարցում»:

Ակտիվիստներն իրենց բողոքը նամակի տեսքով փորձեցին հանձնել Իրանի դեսպանատան աշխատակիցներին, բայց այդպես էլ որևէ մեկը այն չվերցրեց։ Ստիպված էին նամակը գցեցին դեսպանատան մուտքի մոտ տեղադրված նամակների արկղը։

Նասրին Սոթուդեհը կալանքի տակ է 2018-ի հունիսից: Մինչ այդ նա պաշտպանում էր հանրային վայրում պարտադիր գլխաշոր կրելու դեմ բողոքի ակցիա իրականացրած մի խումբ կանանց: Իրավապաշտպանը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:

Իրանի իշխանությունների հայտնի քննադատը նախկինում արդեն երեք տարի բանտում է անցկացրել՝ 2009-ին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինժադի վերընտրության դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար:

2012-ին Եվրախորհրդարանը Սոթուդեհին արժանացրել է Սախարովի անվան Մտքի ազատության մրցանակի։ Եվրամիությունը, ԱՄՆ-ն, ինչպես նաև մի շարք երկրներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են Իրանին իրավապաշտպանի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։

Իրավապաշտպանի ամուսինը՝ ակտիվիստ Ռեզա Խանդանը ևս Իրանում դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ ազգային անվտանգության դեմ դավադրության և համակարգի դեմ քարոզչության մեղադրանքներով: Նրա փաստաբանի փոխանցմամբ, Խանդանին նաև արգելվել է երկու տարվա ընթացքում հեռանալ երկրից, սոցիալական լրատվամիջոցներում կամ թերթերում որևէ գործունեությամբ զբաղվել և անդամակցել քաղաքական խմբերի:

Խանդանը քաղաքական է որակել իրեն առաջադրված մեղադրանքները: Հետագայում նա բողոքարկել է այս որոշումն ու կալանքից ազատ արձակվել գրավի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG