Մատչելիության հղումներ

«2008-ից 2011 թվականներին շատ դժվար է եղել մեզ համար». Մարիամ Փաշինյան


«Ես քաղաքականությամբ հետաքրքրված էի ավելի վաղ հասակից՝ երբ 10 տարեկան էի», - երեկ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը։

Մարիամը հիշեց 2008 թվականը՝ նշելով՝ այդ տարիներին դժվար է եղել իրենց ընտանիքի համար։

Մարիամ Փաշինյան. - 2008-ին ստիպված եղա հայաստանյան շատ ներքաղաքական իրավիճակների մասին տեղեկանալ, ինչը հանգեցրեց իմ հետաքրքրությունը դեպի քաղաքականություն։ Ես հիշում եմ, որ մայրիկիս հետ կռիվներ էի անում, որ ինձ թողնի գնամ ցույցերի, հանրահավաքների։ Իմ կյանքն էդ ամեն ինչի պատճառով շատ էր ազդվել, ու ընդհանրապես 2008-ից 2011 թվականներին շատ դժվար է եղել մեզ համար, բայց ես գիտակցում եմ, որ մեր ընտանիքը միայն մեկն էր այն հազարավոր ընտանիքներից, ովքեր իրոք շատ դժվարությունների միջով են անցել, այսինքն՝ շատ ընտանիքների հայրեր ստիպված են եղել լքել երկիրը, շատ ցավով եմ մինչև հիմա հիշում ու մտածում, որ 2008 թվականին նաև 10 զոհ ենք ունեցել, այսինքն՝ շատ ընտանիքներ իրենց զավակներին են կորցրել։ Հիմնականում հիշում եմ ոստիկանության կոպտությունը ցուցարարների հանդեպ, նաև հիշում եմ իմ սարսափը, երբ զինված մեծահասակ աշխատակիցներն Ազգային անվտանգության ծառայության մտնում էին մեր տուն և խուզարկում։ Այնպիսի բաներ են, որ երբեք չեմ մոռանա, ու այդ ժամանակ քանի որ լրիվ չէի հասկանում, թե ինչ է կատարվում, վախս ավելի մեծ էր։

«Ազատություն». - Մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Ձեր 20-ամյակի, ինչպես մամուլն էր գրում, ճոխ խնջույքը։ Մինչև վարչապետի դուստր լինելը Ձեր տարեդարձը նշե՞լ էիք այդպես, նաև Ֆեյսբուքում քննարկվում էր, որ այդ օրերին թիկնազորը փակել էր ճանապարհը։

Մարիամ Փաշինյան. - 16 տարեկանս շատ փոքր ենք նշել, որովհետև հաջորդ օրն անգլերենի քննության էի, այդ ժամանակ համալսարան դիմելու շրջանում էի, բայց դրանից հետո Էստոնիայում էի՝ Տարտուի համալսարանում, և ընդհանրապես ծնունդս չեմ նշել, որովհետև էլի քննությունների շրջանում էի։ Երեք տարի չեմ անցկացրել ծննդյանս տարեդարձը ո՛չ ծնողներիս, ո՛չ Հայաստանում՝ իմ ընկերների հետ։ Գիտեք, կարծում եմ, որ Հայաստանում շատուշատ ընտանիքներ սիրում են կլոր ամյակները մեծ նշել, հատկապես 20-ամյակը, իրականում դա իմ ցանկությունը չէր՝ այդքան մեծ նշել, ես ընդհանրապես մեծ ծնունդներ չեմ սիրում, մայրիկս պնդեց, ու կարծում եմ, որ բոլորի մայրիկները սիրում են այդպես նշել զավակների ծնունդները, բայց ուզում եմ մի բան ասել, որ 2008 թվականին մարտից հետո, իմ փոքր քրոջ՝ Շուշանի միամյակը հուլիսի 17-ին էր, ու ասեմ, որ էդ ծնունդը 2008-ին, երբ [հայրս] գնաց ընդհատակ և երկրում անելանելի վիճակ էր, մենք իր ծնունդը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, որն այդ ժամանակ, կարծում եմ, լավ ռեստորան էր համարվում, հիմա «Բելաջիո»-ի պես շատերը կան, ու կազմը նորից էդ չափի էր, ինչ որ իմ ծնունդին։

«Ազատություն». - Ինչո՞ւ որոշեցիք ընտանիքի հետ մեկնել Բրյուսել, որովհետև միանգամից մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեցիք, նաև Լեռնային Ղարաբաղ վերջին այցը կրկին պաշտոնական էր, ու այստեղ նորից քննադատություններ եղան, որ ինչո՞ւ եք ընտանիքով գնում այս պաշտոնական հանդիպումներին։

Մարիամ Փաշինյան. - Բրյուսել գնացել եմ իմ ծնողների առաջարկով, քանի որ, էլի եմ ասում, մեր ընտանիքում այսօր կա իրար տեսնելու, իրար հետ շփվելու, իրար հետ նորմալ ժամանակ անցկացնելու խնդիր։ Իմ սենյակի համար վճարվել է սեփական միջոցներով։ Ես կարծում եմ, որ էլ երբեք ոչ մի տեղ չեմ գնա ծնողներիս հետ, քանի որ պաշտոնական միջավայրն ինձ շատ ճնշում է։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG