Կիրակի օրը Սլովակիայում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի միանձնյա առաջատարն է դարձել փաստաբան և հակակոռուպցիոն ակտիվիստ Զուզանա Չապուտովան:
45-ամյա Չապուտովան ստացել է սլովակ ընտրողների քվեների ավելի քան 40 տոկոսը: Կիրակնօրյա ընտրությունների ընթացքում երկրորդ տեղը զբաղեցրել է իշխող «Կուրս - Սոցիալական ժողովրդավարություն» կուսակցության թեկնածու Մարոշ Շեֆչովիչը, որը նախկինում զբաղեցնում էր Եվրամիության էներգետիկայի գծով հանձնակատարի պաշտոնը: Շեֆչովիչը արժանացել է ընտրողների 18 տոկոսի աջակցությանը: Ընտրությունների երկրորդ փուլը Սլովակիայում կայանալու է մարտի 30-ին: