Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հրավերով՝ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 15-17-ը աշխատանքային այցով մեկնել է Իսրայել՝ Երուսաղեմ։
Կրթության և գիտության նախարարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ ՀՀ կառավարության և Ազգային ժողովի պատվիրակության կազմում են Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ու կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանը:
Այցի նպատակն է՝ ծանոթանալ Երուսաղեմի Միաբանության, Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի գործունեության ու հայկական ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև նոր պայմանավորվածություններ ձեռք բերել երկկողմ փոխգործակցության զարգացման ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի անկախացումից տարիներ ի վեր սա երկրի կրթության և գիտության նախարարին ուղղված Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի առաջին պաշտոնական հրավերն է, նշում է ԿԳ նախարարությունը: «Երուսաղեմի Պատրիարքարանը, հանդիսանալով Հայ Առաքելական եկեղեցու ինքնավար աթոռներից, տարիներ շարունակ ուղղակի համագործակցություն չի իրականացրել ՀՀ ԿԳՆ-ի հետ։ Մինչդեռ ներկայումս հատկապես տվյալ տարածաշրջանում հայկական ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ու հայագիտության զարգացման հարցերը շատ կարևոր են Հայոց ցեղասպանագիտության տեսանկյունից», - ասված է հաղորդագրությունում: - «Տարիներ շարունակ հետևողական և նպատակամետ համագործակցության աշխատանքի բացակայության հետևանքով Իսրայելում կուտակվել են բազմաթիվ չլուծված հարցեր, ինչպես նաև առկա է համագործակցության չօգտագործված ռեսուրս։ Մասնավորապես անորոշ է Իսրայելում գործող Հայոց ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի կարգավիճակը։ Վարժարանի ուսումնական գործընթացը և մանկավարժական կադրերի խնդիրները նոր լուծումներ են պահանջում, փակման եզրին է հայտնվել Երուսաղեմի համալսարանում հայագիտական բաժինը, ըստ հարկի չի օգտագործվում Երուսաղեմի հայկական եկեղեցու մատենադարանը, հասունացել է Թել Ավիվի համալսարանում հայագիտական ամբիոն հիմնելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը դասավանդելու խնդիրը»:
Նշված բոլոր խնդիրներն ընդգրկված են ԿԳ նախարարի այցի օրակարգում։ Նախատեսվում են հանդիպումներ Երուսաղեմի Հայոց պատրիարքի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ։