Մատչելիության հղումներ

ՀԲ փոխնախագահը արդյունավետ է գնահատում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը


Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերն արդյունավետ է գնահատում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությունը: Այս մասին նա հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է խորացնել հետագա համագործակցությունը և բարձրացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ու հասցեականությունը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակն է իրականացված քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության, և ՀԲ-ի հետ ակտիվ գործակցությունը կարող է նպաստել երկրում տնտեսական ակտիվության խթանմանը: Խոսելով բիզնես միջավարի բարելավման վերաբերյալ՝ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամորեն գնում է բիզնեսի համար առավելագույնը թափանցիկ և մրցակցային դաշտ ստեղծելու ուղղությամբ:

Սիրիլ Մյուլերը հայտնել է ՀԲ պատրաստակամությունը՝ սերտորեն գործակցելու Հայաստանի կառավարության հետագա բարեփոխումների և ծրագրային առաջնահերթությունների իրականացման, տնտեսության, այդ թվում՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: ՀԲ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ կառավարության քայլերը բարենպաստ միջավայր կապահովեն երկրի տնտեսական զարգացման ու առաջընթացի համար:

Վարչապետի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ երկկողմ համագործակցության համատեքստում զրուցակիցները քննարկել են, մասնավորապես, ենթակառուցվածքների զարգացման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Սիրիլ Մյուլերն անդրադարձել են նաև Հայաստան-ՀԲ 2019-2023 թվականների համագործակցության ռազմավարական փաստաթղթին և դրանով նախատեսվող ծրագրային առաջնահերթություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG