Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ «մարզպետի ֆոնդից» կատարված ոչ-նպատակային հատկացումների առթիվ


Լոռիում մարզային նախկին իշխանությունները ապրիլյան պատերազմի մասնակցի ընտանիքին հատկացրել են 50 հազար դրամ, մինչդեռ փաստացի ընտանիքը ստացել է միայն 30 հազարը, և սա, ըստ գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, «մարզպետի ֆոնդից» սոցիալական աջակցություն ստացածների ցուցակներում միակ խախտումը չէ:

Ղուկասյանը դիմել է մարզային դատախազությանը՝ ֆոնդից գումար ստացածների ցուցակները ուսումնասիրելու առաջարկով․ - «Ապրիլյան պատերազմի մասնակցին տրամադրվող 50 հազար դրամից տրամադրվել է 30 հազար դրամը, կեղծվել է ստացողի ստորագրությունը, և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ»:

Ֆոնդին պետական բյուջեից հատկացվում է տարեկան 30 մլն դրամ: Գործող մարզպետը պատմում է, թե ինչպես է տեղեկացել նախկինում ֆոնդի ոչ-նպատակային օգտագործման մասին՝ պնդելով, որ այսօր նման երևույթները բացառված են․ - «Մարզպետարանի առօրյա գործունեության ժամանակ, երբ, օրինակ, կարիք է լինում գնել ծաղկեպսակ ինչ-որ մի առիթով, հարց է առաջանում, թե դա ինչ գումարներով պետք է գնել: Աշխատակիցներից ոմանք նշել են, որ դա միշտ տեղի է ունեցել հենց այդ սոցիալական աջակցության ֆոնդից, որը որ չի կարելի, օրենքով արգելված է: Հետևաբար կարող ենք ենթադրել, որ նախկինում այդ ֆոնդից նման ծախսերի համար օգտագործվել են այդ գումարները, որը որ անընդունելի է․․․ Այժմ ծաղկեպսակ գնելու դեպքում մենք բոլոր աշխատակիցներով ինչ-որ գումար ենք հավաքում և գնում ենք ծաղկեպսակ, որովհետև դրա համար չկա հատկացված գումար»:

Խախտումների մասին մարզպետ Ղուկասյանը գրառում էր կատարել նաև Ֆեսյբուքում: Կարճ ժամանակ անց նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխան գրառմամբ հերքել էր տեղեկատվությունը և Ղուկասյանին մեղադրել էր պոպուլիզմի և դիվիդենտներ հավաքելու մեջ:

«Ազատության» հետ զրույցում նախկին մարզպետը հորդորեց սպասել նախաքննության ավարտին․ - «Դատախազությունը ուսումնասիրությունները կավարտի, և թե՛ լրատվությունը, թե՛ հանրությունը կտեսնի, թե ով ա մեղավոր: Եվ դա իրականությանը ընդհանրապես համապատասխանո՞ւմ ա, թե՞ չէ»:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մարզային դատախազություն ուղարկված գրության հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել, ինչից հետո հարուցվել է քրեական գործ, և նախաքննությունը հանձնարարված է Քննչական կոմիտեին:

Մինչ այդ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը չի բացառում, որ առաջկայում այլ գործեր ևս կուղարկվեն իրավապահ մարմիններին։ Ասում է, որ կրթական և առողջապահական համակարգերում կոռուպցիան արմատացած է եղել․ - «Նույնիսկ դպրոցում լուսանկարողները մասնաբաժին են հատկացրել մասնաբաժին են հատկացրել մարզպետարանի աշխատակիցներին էդ իրենց լուսանկարից ստացված շահույթից: Մի խոսքով, ամեն տեղից, որտեղ որ հնարավոր է, եղել է կոռուպցիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG