Մատչելիության հղումներ

Բրիտանական խորհրդարանը քվեարկեց Բրեքզիթը առնվազն երեք ամսով հետաձգելու օգտին


Քվեարկություն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, արխիվ
Քվեարկություն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, արխիվ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կառավարությանը հանձնարարել է Բրեքզիթի ժամկետները հետաձգելու հարցով դիմել Եվրամիությանը: Այժմ էլ, ինչպես Լոնդոնում են ասում, գնդակը Եվրամիության դաշտում է: Եվրամիությանը այդ խնդրանքով դիմելու նախաձեռնությանը կողմ է քվեարկել 412, դեմ՝ 202 պատգամավոր:

Այս արդյունքը բրիտանական կառավարության առաջին հաղթանակն է վերջին երեք օրերի քվեարկությունների ընթացքում․ մինչ այդ պատգամավորները նախ երկրորդ անգամ են տապալել Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագիրը` չնայած դրանում կատարված սկզբունքային փոփոխություններին, իսկ հետո, ի հեճուկս կառավարության՝ ամբողջովին արգելել Եվրամիությունից դուրս գալ առանց պայմանավորվածությունների:

Ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը երեկ քվեարկությունից հետո ելույթում նշել է, որ փակուղուց դուրս գալու միակ ելքը, իր կարծիքով, Եվրամիության հետ նոր համաձայնագիրն է, որի հիմքում կլինեն լեյբորիստների առաջարկները: Լեյբորիստները մասնավորապես կողմ են Եվրամիության հետ առավել սերտ կապերին, քան առաջարկում է Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը:

Բրյուսելը Լոնդոնի խնդրանքին կպատասխանի հաջորդ շաբաթ՝ մարտի 21-22-ը նախատեսված գագաթնաժողովի ժամանակ: Միացյալ Թագավորությունը այս պահի դրությամբ ցանկանում է Բրեքզիթը մարտի 29-ից տեղափոխել հունիսի 30-ը: Ցանկացած որոշում պետք է միաձայն հավանության արժանանա Եվրամիության անդամ մյուս 27 երկրների կողմից:

Թե՛ Բրյուսելը, թե՛ դաշինքի անդամ երկրների առաջնորդները բազմիցս ասել են, որ սկզբունքորեն դեմ չեն Բրեքզիթի ժամկետների երկարաձգմանը, սակայն իրենց համար անհասկանալի է, թե հատկապես ինչ է հասցնելու այդ ընթացքում անել Մեյի կաբինետը:

Մեծ Բրիտանիայում բուռն քննարկումները այժմ էլ ծավալվել են նոր ժամկետներում տեղավորվելու շուրջ: Շատերը հակված են այն կարծիքին, որ Լոնդոնը չի հասցնի երեք ամսվա ընթացքում Եվրամիությունից դուրս գալու պայմանների շուրջ այնպիսի այլընտրանքային լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բրիտանացի պատգամավորներին: Եվ հետևաբար՝ չի բացառվում, որ Բրեքզիթի ժամկետները հետաձգվեն ավելի երկար ժամանակով՝ մեկ կամ նույնիսկ երկու տարով:

Բրեքզիթի հարցով Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն ընդգծել է, որ Բրյուսելը դեռևս սպասում է նոր դրական առաջարկների, մանավանդ եթե իր և բրիտանական կառավարության տարբերակը Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել է:

«Առաջ շարժվելու համար ոչ թե պետք է մերժել փաստաթուղթը կամ դեմ քվեարկել առանց պայմանավորվածությունների Եվրամիությունը լքելուն, այլ կառուցողական մոտեցում դրսևորել, դրական քվեարկություն», - հայտարարել է Բարնիեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG