Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին ընդունել «Մագնիտսկու օրենքի» նմանությամբ պատժամիջոցների շրջանակ` մարդու իրավունքները ոտնահարողներին պատժելու համար:
Երեկ ընդունված բանաձևը կոչ է անում Եվրոպական խորհրդին, ԵՄ անդամ բոլոր 28 երկրներին «արագ հիմնել ԵՄ տարածքում ինքնիշխան, ճկուն և արագ արձագանքման պատժամիջոցների ռեժիմ, որը թույլ կտա թիրախավորել ցանկացած անհատի, պետական և ոչ պետական մարմինների ու այլոց՝ մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված լինելու համար»։
2012-ին Միացյալ Նահանգներն ընդունել է «Մագնիտսկու օրենքը»՝ ի հիշատակ Hermitage Capital-ի իրավաբան և աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու, ով Ռուսաստանում 2008 թվականի նոյեմբերին, իրավապաշտպանների համոզմամբ՝ շինծու մեղադրանքով, ձերբակալվել և մեկ տարի անց մոսկովյան բանտում մահացել է: Մագնիտսկին հայտնի է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական միջոցների խոշոր յուրացումները բացահայտող հետաքննություններով: