Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները շարունակում են հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Փաստահավաք առաքելությամբ Երևանում գտնվող՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովոչկինային և Անդրեյ Շիրցելին այսօր ընդունել են նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ մեր երկիրը պատրաստ է կառույցի հետ շարունակել բաց ու անկեղծ երկխոսությունը:

Սարգսյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարևոր գործընկեր է օրենսդրական բարեփոխումների իրականացման գործընթացներում: Նա բարձր է գնահատել եվրոպական կառույցների կարևոր ներդրումը Հայաստանի զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին:

Մտքեր են փոխանակվել նաև խորհրդարանի դերի, գործառույթների մասին, նշվել է, որ այժմ ավելի են ընդլայնվել նրա հնարավորություններն ու լիազորությունները:

Համազեկուցողները պատրաստակամություն են հայտնել շարունակել իրենց ջանքերը՝ խորացնելու ԵԽԽՎ համագործակցությունը Հայաստանի հետ:

Արարատ Միրզոյանը համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացրել է իր անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունները՝ այս համատեքստում կարևորելով 2019-2022 թվականների գործողությունների ծրագրի հաջող ընթացքը:

«Անցյալ տարի տեղի ունեցած հեղափոխությունից հետո ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելիորեն հաստատված է: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, թափանցիկությունը, հաշվետվողականությունը սոսկ բառեր չեն, այլ հիմնարար արժեքներ, որոնցով այսօր մեր հասարակությունը զարգանում է», - ասել է Ազգային ժողովի նախագահը: Նրա խոսքով՝ նշվածի լավագույն վկայությունն անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը դիտորդական առաքելություն իրականացնելու և հնչեցրած բարձր գնահատականի համար, ըստ որի՝ ընտրությունները գնահատվել են ազատ, արդար, ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և ժողովրդի վստահությունը վայելող: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանում հաջորդ բոլոր ընտրությունները լինելու են այդպիսին, փոխանցում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զոհրաբ Մնացականյանը Յուլյա Լյովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հստակ գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ապրիլի-մայիս ամիսներին ժողովրդի կողմից ընձեռված, ապա դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերահաստատված լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Որպես կառավարության գերակայություն՝ նախարարն առանձնացրել է տնտեսական հեղափոխության համար նպաստավոր պայմանների ապահովումը:

Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներն և սկզբունքային դիրքորոշումը: Կողմերն ընդգծել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ռիսկերի նվազեցման մեխանիզմների ներդրման կարևորությունը:

Նախօրեին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG