Հայաստանի Զինված ուժերում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացմանն առնվող հարցեր են քննարկվել այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնի հետ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպմանը:
Նախարարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից հաստատված՝ ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի վերաբերյալ ՀՀ ազգային գործողությունների 2019-2021 թվականների ծրագիրը, մասնավորապես` ծրագրով նախատեսված այն գործողությունները, որոնք առնչվում են Պաշտպանության նախարարությանը, արձանագրված առաջընթացը` հատկապես` Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում կանանց ներգրավմանը խթանող նախաձեռնությունների, հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղապահ առաքելություններին մասնակցող ստորաբաժանումներում կանանց ընդգրկմանը, պաշտպանության համակարգում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության խթանման, պաշտպանության համակարգում կանանց իրավունքների պաշտպանության և հավասար հնարավորությունների ապահովման մշակույթի ձևավորման ու դրա պաշտպանության մշտադիտարկման մեխանիզմների ներդրման և այլ ուղղություններով:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հաթչինսոնը բարձր է գնահատել այս ուղղություններով կատարված աշխատանքները և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը Հայաստանի ռազմական գերատեսչության հետ: