Մատչելիության հղումներ

Գյումրիի տրանսպորտը կհամալրվի առնվազն 37 նոր ավտոբուսներով


Գյումրիի՝ անմխիթարական վիճակում գտնվող փողոցներից մեկը, արխիվ
Գյումրիի՝ անմխիթարական վիճակում գտնվող փողոցներից մեկը, արխիվ

Գյումրիի տրանսպորտային սպասարկումը կազմակերպելու համար անհրաժեշտ է մոտ 50 ավտոբուս ու 70-80 միկրոավտոբուս: Եթե այս տարի տրանսպորտային խնդիրը չլուծվի, ապա, ըստ ոլորտի պատասխանատու Արտյոմ Սարգսյանի, քաղաքը կարող է հաջորդող տարիներին մնալ առանց տրանսպորտի, քանի որ միկրոավտոբուսների սպասարկման ժամկետները լրանում են:

Քաղաքապետարանը տնտեսած 250 միլիոն դրամն է ներդնում, նույնքան կառավարությունն է սուբսիդավորում, Գյումրիի համայնքապետարանը ձեռք է բերելու 37 ավտոբուս: Այսօր ավագանին հաստատեց ծրագիրը:

«Նախապես նախատեսել էինք էս գումարի շրջանակներում ձեռք բերել 37 ավտոբուս: Կախված տարադրամի փոխարժեքի հետ՝ հնարավոր է ավտոբուսների քանակն ավելի շատանա՝ մեկով կամ երկուսով ավելանա: Ծրագիրն իրականացվում է 50:50 հարաբերակցությամբ, որից 249 միլիոն 857 հազար 600-ը համայնքի ներդրումն է», - ասաց Սարգսյանը:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջարկեց հստակ ֆիքսել 250 միլիոն․ - «Փաթեթը էդպես ներկայացնենք, հստակ՝ 250:250»:

Ավագանու անդամներից Լեվոն Բարսեղյանին հետաքրքրեց, թե ինչպես է լուծվելու ավտոբուսների սպասարկման ու պահպանման հարցը, արդյո՞ք բյուջեում նախատեսված միջոցներ կան:

«Սա ձեռքբերման ծախսն է, էդ ամբողջը պահպանելու, կառավարելու ինչ-որ ծախսեր պիտի նախատեսվեն», - նշեց Բարսեղյանը, ինչին քաղաքապետն արձագանքեց․ - «Էդ կառուցվածքային արդեն փոփոխությունը մենք կներկայացնենք»: Արտյոմ Սարգսյանն էլ հավելեց․ - «Ընթացիկ տարեկան բյուջեներով կնախատեսվեն նաև էդ ծախսերը»:

Այս պահին քաղաքային տրանսպորտը 120 միկրոավտոբուս է սպասարկում և 15 ավտոբուս, սակայն դրանց տեխնիկական վիճակը հեռու է բավարար լինելուց:

Քաղաքային տրանսպորտի մոնիտորինգ էր իրականացրել Գյումրիի Ինֆոտունը: Լուիզա Պետրոսյանը մասնակցել է մոնիտորինգին ու արձանագրել, թե ինչ դժգոհություններ են ունեցել գյումրեցիները:

«Հիմնականում դժգոհությունները կապված են ժամային միջակայքի հետ՝ օրվա ընթացքում երկար չի աշխատում երթուղային տրանսպորտը: Երկրորդ տեղում մաքրության խնդիրն էր գալիս, երրորդ տեղում արդեն գալիս էր սարքինությանը խնդիրը, որ պատահում է՝ հատակը երթուղային ինչ-որ անցքերով, ընթացքում բնակիչները, ասենք, նկատել են, նույնիսկ ասում են՝ էդպես վախ ունենք, որ կարող է հանկարծ պոկվի և այլն, էլի, հատակը», - նշեց Պետրոսյանը:

Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանն ասում է՝ լավ է, որ նոր ավտոբուսներ են ներդրվելու քաղաքային տրանսպորտում, սակայն ոչինչ չի փոխվի, եթե սպասարկման որակը չփոխվի:

«Թե չէ կարելի է պարծենալ, որ՝ ահա, տեսեք, ճանապարհները, փողոցները ասֆալտապատվում են, սալապատվում են, դարձնում են ժամանակակից, դառնում է իսկապես լրիվ նոր քաղաքային մշակույթ, բայց էդ նոր քաղաքային մշակույթն էլ պահանջում է նաև նոր մշակույթ ուղևորների, այո, տրանսպորտի սպասարկման», - ընդգծեց Մարտիրոսյանը:

Մոտ 5 տարի առաջ 15 նոր ավտոբուսներ ներդրվեցին մասնավորի կողմից երթուղային ցանց: Սեյրան Մարտիրոսյանն ասում է՝ հիմա այդ ավտոբուսները ոչնչով չեն զիջում միկրոավտոբուսներին․ - «Կամաց-կամաց ավտոբուսների սպասարկման որակը, տեսքը, վարորդի տեսքը, ամեն ինչը նույնպես եկավ, հավասարվեց դրան»:

Տրանսպորտի ոլորտը նա ամենաստվերայինն է համարում ու գտնում է, որ պետք է լուրջ վերահսկողություն սահմանվի, որ նոր ավտոբուսների շահագործումը, այսպես ասած, վերահսկողության ստվերում չմնա:

«Կարևոր ոլորտ է, և էդ ոլորտի կառավարումը, իսկ կառավարումը իր մեջ անպայմանորեն ներառում է նաև վերահսկողությունը՝ շատ հստակ վերահսկողություն պիտի լինի, շատ հստակ հետադարձ կապ պետք է լինի, հիմնական վերահսկողը պիտի լինի ուղևորը, ուղևորը երբեք չպետք է մտածի, որ «մատնեմ, էս մարդու հացին վնասեմ», էս, էն, ո՛չ», - նշեց իրավապաշտպանը:

Հիմա՝ այս պահին տրանսպորտի սպասարկումը վտանգավոր է համարում Սեյրան Մարտիրոսյանը: Ինքն էլ հաճախ օգտվում է տրանսպորտից:

«Ես դժգոհ եմ վարորդների տեսքից, վարորդների խոսքից, վարորդների վերաբերմունքից, վարորդների պրոֆեսիոնալիզմից, քեզ պատժելուց՝ դու կանգնած ես, արդեն պիտի գար՝ ըստ իրենց հաճախականության, չի գալիս, և երբ որ գալիս է՝ չի էլ կանգնում, որովհետև հենց էդ ուշանալու պատճառով ինքը լիքը լցված՝ ինքը որոշում է քեզ պատժել, որ դու չպետք է էդ տրանսպորտը նստես, մի հատ էլ պիտի սպասես: Պիտի ուշանաս, պիտի անպարտաճանաչ մարդու տպավորություն թողնես: Էդ ամբողջ մեր իրականությունն է», - ասաց Մարտիրոսյանը:

Ի դեպ, ավագանին նաև հավանություն տվեց մոսկվաբնակ գյումրեցիների ներդրումային ծրագրին, որով նախատեսվում է քաղաքում 70 ժամանակակից կանգառներ կառուցել: Այս տարի 30-ը կտեղադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG