Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցությունում հուսով են, որ Արսեն Թորոսյանն անուններ կտա


«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան
«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյան

Իշխանական «Իմ քայլ»-ում վստահեցնում են, թե չգիտեն ում նկատի ուներ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ Ֆեյսբուքում երեկ գրել է՝ իր մոտ արմատանում է տպավորությունը, որ իրենց խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում առողջապահական համակարգում։

«Կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ», - գրել է նախարարը:

Թորոսյանը նաև պնդել է, թե «այլ շահեր, ի տարբերություն ոմանց, չունի ու չի վարանելու իրերը կոչել իրենց անուններով»:

Արսեն Թորոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց․ նա Վիեննայում մասնակցում է միջազգային կոնֆերանսի:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը կուսակցից չի ճշտել՝ ո՞ւմ նկատի ուներ: Կարծում է, որ ճիշտը ոչ թե հեռախոսով, այլ դեմ առ դեմ հարցնելն է։

Սիմիդյանը Թորոսյանին հորդորեց անուններ տալ․ - «Շիտակ, հստակ, անունով, որ հասկանանք, թե խմբակցության որ անդամը ինչ է արել, որ պարոն Թորոսյանի դուրը չի եկել: Անպայման կուզենամ, որ հստակություն ունենանք: Եվ կցանկանամ, որ հաջորդիվ էլ որևէ նման հրապարակումներում լինի կոնկրետություն: Որ մենք էլ հասկանանք՝ ի՞նչ մեկնաբանենք, ինչի՞ մասին է խոսքը»:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում նորից Թորոսյանին հրավիրեք ու խմբակցության նիստ անեք, Սիմիդյանն արձագանքեց․ - «Պարոն Թորոսյանի հրապարակման համատեքստը հասկանալով՝ ենթադրում եմ միգուցե նման անհրաժեշտություն լինի: Խիստ տոնը նման հանգամանք առաջացնում է: Վերադառնալուց հետո կզրուցենք անպայման պարոն Թորոսյանի հետ, և եթե անհրաժեշտություն լինի, հանդիպում էլ կկազմակերպենք: Եթե անհրաժեշտություն լինի, այդ հանդիպումը հրապարակային կկազմակերպենք, որ նաև լրագրողները, հանրությունը հասկանան ինչի մասին է խոսքը: Բայց այս ամեն ինչը հստակություն կունենա, երբ պարոն Թորոսյանը ինքը հստակություն մտցնի»:

Սիմիդյանի փոխանցմամբ, Թորոսյանի տարբեր նախաձեռնություններ խմբակցությունում դրական արձագանք են գտնում։ Նախարարի ակնարկած տարբեր շահեր հետապնդողներ խմբակցությունում չի տեսել: Ասաց, որ իրենց համար գերական հանրային շահն է:

Մամուլը նախարարի գրառման հնարավոր հասցեատերերի շարքում դիտարկել էր Առողջապահության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, ով տարբեր քննարկումների ժամանակ հակադրվել է նախարարին։

Զեյնալյանն «Ազատության» հետ զրույցում հորդորեց Թորոսյանի գրառման վերաբերյալ հարցերն ուղղել նրան՝ զերծ մնալով մեկնաբանություններից:

Կոռուպցիոն որոշ սկանդալներ հենց Առողջապահության նախարարի՝ իրավապահներին փոխանցած տեղեկություններից հետո պայթեցին:

««Գործ տվող» նախարարն ու նախկին փոխնախարարի ձերբակալությունը»․ մեկ շաբաթ առաջ Արսեն Թորսյանին վերաբերող հրապարակումն այսպես էր վերնագրել «Իմ քայլից» Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթը: Թովմասյանն ու Թորոսյանը նաև պարբերաբար կոշտ բանավեճեր են ունենում։

Թագուհի Թագուհի վստահեցրեց, որ ինքն այլևս առնչություն չունի «Ժողովրդի» խմբագրական աշխատանքի հետ, թերթն այժմ այլ խմբագիր ունի: Իսկ ընդհանրապես, իր խոսքով՝ խելագարության կանխավարկածով չի առաջնորդվում, որ դեմ գնա բարեփոխումներին։

Թովմասյանը իրեն չի համարում Թորոսյանի գրառման հասցեատեր, ինքն էլ է անունների սպասում․ - «Ես չեմ կարող որևէ մեկին թիրախավորել և ասել, որ ես կասկածներ ունեմ: Համենայն դեպս, եթե ես ինչ-որ բան ունենամ ասելու իմ թիմի ներսում, ես նրան կզանգահարեմ, կամ ես նրան ուղիղ կտեսնեմ և կասեմ այն, ինչ մտածում եմ իր մասին: Ես երբեք Ֆեյսբուքով որևէ մեկի հետ չեմ շփվի իմ թիմից: Եվ դա, կարծում եմ, շատ վատ ավանդույթ է, եթե այսպես մենք շարունակենք»:

Նախարարին հաջողակ համարում է, թե ոչ՝ ձեռնպահ մնալ գնահատել: Հավաստիացրեց, որ չկա կոնկրետ անձ, ում Թորոսյանի փոխարեն կուզեր տեսնել այդ պաշտոնում:

Ինչ վերաբերում է իր կողմից պարբերաբար հնչեցվող քննադատությանը, ապա Թովմասյանն ասաց՝ բարձրաձայնում է խնդիրները, քանի որ Թորոսյանը ունի նաև «օդ տատանող» նախաձեռնություններ․ - «Շտապօգնության մեքենայով հիվանդները շարունակում են քաղաքում պտտվել այնքան, մինչև որ գտնեն ազատ հիվանդանոց: Հիմա սրա պատասխանատուն ո՞վ է: Եթե հայտարարվում է, որ ինսուլտի ազգային ծրագիրը ազգային ծրագիր է, բայց դրանից չի կարողանում օգտվել, օրինակ, իմ մարզի բնակիչը՝ Վարդենիս քաղաքի բնակիչը․․․ դա դարձավ քաղաքային ծրագիր գուցե»:

«Իմ քայլից» Արփի Դավոյանը Թորոսյանի նախաձեռնություններում «օդ տատանելու» նշաններ չի տեսել․ - «Ցանկացած նոր սկսվող նախաձեռնություն միշտ էլ թերահավատորեն է ընդունվում մարդկանց կողմից: Ես չեմ կարծում, որ նման որակում տալը ճիշտ կողմնորոշում է և ճիշտ գնահատական»:

Դավոյանը կարծում է, որ Թորոսյանն իր գրառման համար հստակ պատճառներ է ունեցել․ - «Նա չէր կարող անհիմն մեղադրել որևէ մեկի, որովհետև դա նրա գործելաոճը չէ: Կարծում եմ նաև, որ էդ խնդիրը լուծումներ գտնելու համար պետք է քննարկվի պարոն Թորոսյանի հետ․․․ Հրապարակումից հետո նա ասելիք հաստատ կունանա, գուցեև հնչեն անուններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG