Մատչելիության հղումներ

Ուկրաինայում նախագահական ընտրությունների առաջին փուլի ամենահավանական հաղթողը կատակերգու դերասան Զելենսկին է. «Սոցիս»


Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Մարտի 31-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլի ամենահավանական հաղթողը կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին է: Դա են վկայում օրերս Կիևում հրապարակված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:

Կիևում գործող սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների «Սոցիս» կենտրոնի կողմից մարտի 5-10-ը Ուկրաինայի բոլոր մարզերում անցկացված հարցման համաձայն, ընտրողների ավելի քան 20 տոկոսը մարտի 31-ին քվեարկելու է քաղաքական որևէ փորձառություն չունեցող Վլադիմիր Զելենսկու օգտին:

Օրենսդիր և գործադիր մարմիններում երբեք որևէ պաշտոն չզբաղեցրած, «Թաղամաս 95» երգիծական նախագծի ղեկավար, մի շարք կատակերգությունների պրոդյուսեր և գլխավոր դերակատար 41-ամյա Զելենսկին նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին հայտարարեց Ամանորի գիշերը:

Ուկրաինայում գործող առաջատար սոցիոլոգիական ծառայությունների հրապարակած տվյալներից դատելով` այդ օրվանից ի վեր Զելենսկու վարկանիշն անշեղորեն աճում է:

«Սոցիս»-ի տվյալներով՝ վերջին մեկ ամսում Զելենսկու վարկանիշն աճել է շուրջ չորս տոկոսով: Այդ հարցման համաձայն, Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն նախագահի պաշտոնում առաջադրված 39 թեկնածուների թվում երկրորդն է: Նրա օգտին պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների շուրջ 13 տոկոսը:

Համակիրների թվով երրորդը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է, ում օգտին, ըստ «Սոցիս»-ի, պատրաստ է քվեարկել ուկրաինացի ընտրողների 11 տոկոսը:

Ուշագրավ է, սակայն, որ ուկրաինացի քվեարկողների մի զգալի մասը վստահ չէ, որ ընտրարշավի առաջատարը կկարողանա ի վերջո զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը:

«Սոցիս» կենտրոնի անցկացրած հարցման մասնակիցների 23 տոկոսը նշել է, որ միևնույն է վերընտրվելու է Պետրո Պորոշենկոն:

Զելենսկու հաղթանակին հավատում է ուկրաինացի ընտրողների միայն 19 տոկոսը, իսկ Տիմոշենկոյի հաջողության հավանականությանը` 13 տոկոսը:

Նախորդ շաբաթ անցկացված հարցման ընթացքում «Սոցիս» կենտրոնի մասնագետները նաև փորձել են պարզել` որոնք են Ուկրաինայի առջև ծառացած առանցքային խնդիրները ըստ շարքային ընտրողների:

Ուկրաինացիների 61 տոկոսի համոզմամբ, գլխավոր խնդիրը, որին բախվում է երկիրը, Դոնբասում ընթացող պատերազմն է: Ուկրաինացիների կեսից ավելին որպես կարևորագույն խնդիրներ նշել է նաև հանրային ծառայությունների սակագների շարունակվող աճն ու աշխատավարձերի և կենսաթոշակների ցածր մակարդակը:

Ուշագրավ է, որ իշխանության կենտրոնական մարմիններում կոռուպցիան՝ որպես երկրի առջև ծառացած լրջագույն խնդիր, մատնանշում է հարցվածների ընդամենը 22 տոկոսը:

Դատարաններում, դատախազությունում և ոստիկանության մարմիններում կոռուպցիան որպես երկրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը մատնանշում է հարցվածների 10 տոկոսը, նշում են ուկրաինացի սոցիոլոգները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG