Մատչելիության հղումներ

Լոռու ներկայիս և նախկին մարզպետները մեղադրանքներ են փոխանակում


Լոռու մարզպետարանի շենքը Վանաձորում, արխիվ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր «Սրբապղծություն» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ մարզային նախկին իշխանության ներկայացուցիչներին «սրբապիղծ տականքներ» է անվանել և մեղադրել նրանց այսպես կոչված «մարզպետի ֆոնդից» սոցիալական օգնություն ստացածների ցուցակներում կեղծիքներ կատարելու մեջ։

«Նախկին իշխանության ներկայացուցիչները, պարզվում է, ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին ըստ փաստաթղթի տրամադրել են 50 հազար դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30 հազար, ստորագրվել 50 հազար դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը», - իր գրառման մեջ հայտարարել է Լոռու մարզպետը, նշելով, որ հարուցվել է քրեական գործ, իրավապահներն ուսումնասիրում են նախորդ տարիներին Լոռու մարզպետարանից սոցիալական աջակցություն ստացածների ցուցակները։

Քիչ առաջ Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը պատասխանել է մարզպետի գրառմանը՝ դարձյալ Ֆեյսբուքում։ Նա հակադարձել է և Անդրեյ Ղուկասյանին մեղադրել զրպարտության ու դեռևս գործի նախաքննության ընթացքում «կեղծ տեղեկություններ» հրապարակելու համար։

Իր ֆեյսբուքյան էջում Նալբանդյանը գրել է. - «Մարզպետի գրառումը ոչ միայն «մեղմ ասած» վրդովմունքի առիթ դարձավ, այլև, ի տարբերություն ոմանց, մարդկային ու տղամարդկային արժանապատվությանս ոտնահարման լուրջ մարտահրավեր էր ինձ համար: Ինձ ճանաչողները լավ գիտեն, որ ինչ-ինչ, բայց դա անել ես թույլ չեմ տա որևէ մեկի՝ անկախ իր պաշտոնական դիրքից ու սեռային պատկանելությունից (լինի՝ արական, իգական, թե՝ չեզոք) <...> Որևէ մեկը կարծում է, որ մարզպետարանի որևէ մի աշխատակից իրեն թույլ կտար նման ստոր քայլի դիմել, այն էլ՝ այն դեպքում, երբ շատուշատ ընտանիքների աջակցություն էր ցուցաբերվում անձնական միջոցներից»:

Նախկին մարզպետը գործող մարզպետին մեղադրել է կեղծ պոպուլիզմի և կեղծ դիվիդենտներ հավաքելու մեջ: «Ես դեռ հավատում եմ, որ իրավական համակարգը մեր երկրում գործում է, և սուտ լուրեր, զրպարտություններ տարածելը դեռ քրեորեն պատժելի արարքներ են», - գրել է Արթուր Նալբանդյանը:

Անդրեյ Ղուկասյանն իր գրառման մեջ խոստացել է ավելի ուշ ներկայացնել «անվանական, ընդգրկուն ու ամփոփ տեղեկատվություն» նախկինում որպես սոցիալական օգնություն բաշխված գումարների վերաբերյալ: «Այսուհետ ևս լինելու եմ հետևողական նման սրբապիղծ տականքների բացահայտման, նրանց արարքները հանրայնացնելու և համապատասխան վերաբերմունքի արժանացնելու գործում», - գրել է Լոռու մարզպետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG