Մատչելիության հղումներ

Արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից. ԼՂ ԱԳ նախարար


Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյան

Հայկական կողմը շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման լավագույն միջոցը 1994-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է: Նման շեշտադրում է կատարել նաև Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ:

Երեկ երեկոյան կայացած հանդիպման ավարտին Արցախի արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե հնացած սկզբունքները վերանայելու ժամանակն է:

«Արդեն ժամանակն է հրաժարվել հնացած սկզբունքներից: Պետք են նոր, իրատեսական առաջարկներ, և նաև ձևաչափի վերականգնման հետ կապված մենք կարող ենք ակնկալել առաջընթաց: Բայց եթե մնան հնացած սկզբունքները, և Արցախը չմասնակցի, որևէ առաջընթաց մենք չենք կարող արձանագրել այս բանակցություններում», - նշեց նախարար Մայիլյանը:

Մայիլյանին փոխանցեցինք Հայաստանի նախկին իշխանությունների այն մտահոգությունը, որ Արցախին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Փաշինյանի նախաձեռնությունը կարող է վնասել բանակցային գործընթացին, և հետաքրքվեցինք՝ կիսո՞ւմ են արդյոք Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այս մտահոգությունն Արցախում:

Մայիլյանի արձագանքը․ - «Կարծում եմ, որ սա ճիշտ մոտեցում է, կառուցողական է: Նման մեղադրանքները ներքին քաղաքական շահարկումների դաշտից են»:

ԵԱՀԿ նախագահի հետ երևանյան հանդիպումը այս անգամ ոչ թե Արցախի նախագահի, այլ արտգործնախարարի հետ էր:

Ռազմավարական և ազգային հետազոտություների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը նկատում է, որ Արցախի արտգործնախարարը Երևան էր եկել հետևյալ ուղերձով՝ եթե ցանկանում եք հանդիպել Արցախի նախագահի հետ, եկեք Ստեփանակերտ․ - «Էս նոր էլեմենտներ են, որոնք պետք է մտցնել: Ինչ-որ պատասխանատվության տակ դնել այդ կառույցին, որը վերցրել է իր վրա անվտանգության խնդիրները և կարգավորման խնդիրը: Ես կարծում եմ, թե գիտակցվում է էդ ամեն ինչը թե՛ Հայաստանի ղեկավարության մոտ, թե՛ Արցախում, որ պետք է իսկապես թելադրել»:

Քաղաքագետի խոսքով՝ հայկական կողմի շեշտադրումներում և գործողություններում նման փոփոխությունները չեն կարող վտանգել բանակցային գործընթացը կամ տանել փակուղի: Ավելին՝ նրա կարծիքով, նախկին իշխանությունների զգուշավոր մոտեցումներն էին 2016-ին հանգեցրել ապրիլյան պատերազմին․ - «Հայաստանն է թեման տանում: Հայաստանը ավելի ակտուալ հարցեր ա դնում, քան էնտեղ նստել, դատարկ խոսել․․․ Հայաստանում տարիներ շարունակ մի թեզ կար՝ մեր դիրքորոշումը համապատասխանում է միջազգային հանրության դիրքորոշմանը: Ու վերջ: Ամեն անգամ հանդիպելով, ու էդ հանդիպումների ժամանակ մենք զինվորներ էինք կորցնում, գալիս մի ֆրազ էին ասում․․․ երկու տասնամյակ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հորդորից հետո էլ, թե անհրաժեշտ է զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն, հայկական կողմը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպումներում կարևորեց Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ բերելու հարցը: Նման առանձնահատուկ ընդգծում էր կատարել նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը Միրոսլավ Լայճակի հետ հանդպման ընթացքում:

«Այսպիսով գնդակը ԵԱՀԿ դաշտում է», - ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ ընդգծելով, որ ժամանակին հենց ԵԱՀԿ-ն է ձևաչափ փոխել․ - «Մինսկի խմբի մանդատը չի թույլատրում բանակցություններ, որտեղ հրավիրված չեն Արցախի ընտված և այլ ներկայացուցիչները: Դա մանդատն է պարտադրում, բայց իրենք իրենց ուզածով վերցրել հանել են: Էդ հարցին պատասխան պիտի տան հիմա Հայաստանին: Թող տան՝ ինչո՞ւ են տենց արել: Ինչո՞ւ են էսօր ասում չի կարելի, բայց էն ժամանակ կարելի էր»:

«Ազատության» դիտարկմանը, թե այն ժամանակվա հայաստանյան իշխանությունները համաձայնել են դրան, Սարգսյանն արձագանքեց․ - «Մանդատը թույլ չի տալիս: Երբ որ անգամ առաջարկեին նման բան, Մինսկի խումբը պիտի բացեր մանդատը, ասեր՝ կներեք, մենք իրավունք չունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG