Մատչելիության հղումներ

Հայաստանը և Վրաստանը մեծ ներուժ ունեն՝ լինելու զարգացած և հզոր երկրներ. Զուրաբիշվիլի


Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են և հազարամյակների պատմություն ունեն, երեկ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը` Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պատվին նախագահականում տրված պաշտոնական ճաշի ժամանակ։

Նախագահը նշել է, որ երկու ժողովուրդներն էլ այս դարերի ընթացքում անցել են հսկայական փորձությունների միջով, սակայն նրանց միավորել է ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը, և այդ օրինակները բազմաթիվ են:

«Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին: Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ: Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաև ցույց կտա, որ մենք բարի և բարեկամական ապագա ունենք», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ երկու երկրների հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը՝ նախագահն ասել է. - «Անցյալ ամիս Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցինք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ուզում եմ նշել, որ Թումանյանին մեծարեցին նաև Թբիլիսիում, և դա պատահական չէ: Թումանյանի մարդկային ու բանաստեղծական հետքը ոչ միայն Դսեղում, Երևանում ու Հայաստանում է, այլև` Թբիլիսիում ու Վրաստանում: Հարգելի տիկին նախագահ, վստահաբար տեղյակ եք, որ Թումանյանն առանձնահատուկ համակրանք էր տածում Վրաստանի և վրացի ժողովրդի նկատմամբ: Դրա վկայությունն են նաև նրա հետևյալ խոսքերը. «Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»։

Ամփոփելով խոսքը՝ նախագահը բարեկամ վրացի ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք:

«Թող անխախտ մնա հայ-վրացական բարեկամությունը: Թող խաղաղությունն ու բարեկեցությունը տարածվեն մշտապես Հայաստանում ու Վրաստանում և մեր երկու ժողովուրդների միջև», - ասել է նախագահը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում մասնավորապես նշել է.- «Վրացիներիս և հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երևում: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը: Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած և հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG