Մատչելիության հղումներ

Բրիտանական «արյունոտ կիրակի»-ի գործը շուրջ կես դար անց կարող է վերաբացվել


Լոնդոնդերի, 30 հունվարի, 1972թ.

Բրիտանական «արյունոտ կիրակի»-ի գործը շուրջ կես դար անց կարող է վերաբացվել, ամբաստանյալների աթոռին կարող են հայտնվել 18 վետերաններ:

Թագավորության կառավարությունը վերջնական որոշումը պետք է կայացնի այսօր՝ 13 խաղաղ ցուցարարների սպանության համար մեղադրանք առաջադրե՞լ նախկին զինվորականներին, թե՞՝ ոչ:

Մինչ այդ, բրիտանական պաշտպանական գերատեսչությունը, վետերաններին մեղադրանք առաջադրվելու պարագայում, խոստանում է վճարել նրանց փաստաբանական ծառայությունների համար: Այս մասին նախարարության պաշտոնական նամակի պատճենը գտնվում է բրիտանական լրատվամիջոցների տրամադրության տակ։

Փաստաթղթում նշվում է, որ բոլոր զինծառայողները, որոնց նկատմամբ Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, կունենան իրավաբանական աջակցություն, ընդ որում, փաստաբանները կպաշտպանեն ոչ թե պաշտպանության նախարարության, այլ առանձին զինծառայողների շահերը։

Հնարավոր ամբաստանյալների թիվը կարող է հասնել 18-ի, նրանք շուրջ վաթսուն տարեկան նախկին դեսանտներ են:

Մեծ Բրիտանիայի նորագույն պատմության ամենաարյունոտ էջերից մեկի վերաբացման մասին հայտնի դարձավ շաբաթներ առաջ, ինչը հանրության շրջանում իրարամերժ գնահատականների տեղիք տվեց:

Շատերը կարծում են, որ ցուցարարների սպանությունների համար զինվորականներին են փորձում քավության նոխազ դարձնել, մինչդեռ պատասխանատվություն պետք է կրեն կրակելու հրաման տվողները:

47 տարի առաջ հունվարի 30-ին Մեծ Բրիտանիայի անվտանգության ուժերը կրակ են բացել հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում հանուն քաղաքացիական ազատությունների երթի մասնակիցների վրա՝ սպանելով 13 հոգու:

Արյունալի իրադարձությունից հետո Հյուսիսային Իռլանդիայում իրավիճակն այնքան էր սրվել, որ Լոնդոնի որոշմամբ, պաշտոնանկ է արվել հյուսիսիռլանդական կառավարության ղեկավար Բրայան Ֆոլկները, Բելֆաստում կասեցվել է խորհրդարանի գործունեությունը, Հյուսիսային Իռլանդիայի կառավարումն անցել է Լոնդոնին, ինչը տևել է մի քանի տասնամյակ: Այդ տասնամյակների, ինչպես նաև դրան հաջորդած տարիների ընթացքում ողբերգության համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ոչ մեծ ֆինանսական փոխհատուցում էր վճարել զոհվածների ընտանիքներին և միայն տասնամյակներ անց՝ 2010 թվականին բրիտանական կառավարությունը որոշել է ներողություն խնդրել տեղի ունեցածի համար։ Այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Դեյվիդ Քեմերոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG