2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո, օմբուդսմենի գրասենյակին ուղղված բողոքների թիվը մի քանի անգամ աճել է։
«Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դա պայմանավորեց քաղաքացիների մոտ առկա դրական ակնկալիքներով։
«Ազատություն». - Պարոն Թաթոյան, Ձեր գրասենյակ բողոքների բնույթը փոխվե՞լ է հեղափոխությունից հետո։ Հիմա ոստիկանությունն ուժ չի կիրառում, մեծ ցույցեր չեն լինում, ենթադրաբար այլ հարցերով են արդեն գալիս, Ձեզ դիմում։
Թաթոյան. - Մեզ մոտ ապրիլյան, մայիսյան իրադարձություններից հետո ակնհայտորեն փոխվել է իրավիճակը, բողոքների թիվ մի քանի անգամ գերազանցում է, շատ ավելի շատ է, բայց ես դրանք պայմանավորում եմ մեր քաղաքացիների մոտ փոփոխությունների ակնկալիքներով, որովհետև մենք շատ ունենք դեպքեր, երբ քաղաքացին, օրինակ, գալիս է մեզ մոտ ընդունելության՝ հին փաստաթղթերով և այլն, որ գործը վաղուց մերժված է, բայց մարդը հույս ունի, որ մի նոր դուռ կբացվի և հարցը լուծում կստանա։ Եվ մենք ամիսներ ունենք, օրինակ, երբ համեմատում ենք նախորդ ամսվա հետ, տասն անգամ աճել են բողոքները։
«Ազատություն». - Իսկ ընդհանուր առմամբ կարո՞ղ եք ասել, որ մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը հիմա բարձրացել է Հայաստանում։
Թաթոյան. - Ես այդպիսի գնահատական ընդհանուր չէի տա, հարթություններն են տարբեր։ Այսինքն՝ եթե այն ժամանակ խնդիրներն այլ էին, հիմա խնդիրներն այլ են, օրինակ, նույն փակ հաստատությունների հետ կապված լրջագույն խնդիրները շարունակում են մնալ, սոցիալական ոլորտի խնդիրներն են շարունակում, զինծառայողների հետ կապված հարցեր։
«Ազատություն». - Պարոն Թաթոյան, նոր իշխանությունները Ձեզ հետ կոնտակտ հաստատե՞լ են, մասնավորապես, վարչապետի հետ հանդիպում ունեցե՞լ եք, որ գուցե ինչ-որ ուղենիշներ տա, կամ ասի՝ այսպես պետք է աշխատեք։
Թաթոյան. - Ինձ ոչ մի պաշտոնատար անձ չի կարող և վարչապետի կողմից, բնականաբար նման փորձ չի եղել։ Ես հանդիպել եմ վարչապետին, նաև նախագահին եմ հանդիպել, Ազգային ժողովի նախագահին եմ հանդիպել։ Մարդու իրավունքների պաշտպանը հենց այն պաշտոնատար անձն է, որ պետք է աշխատի բոլոր կողմերի հետ, և պետք է ասեմ, որ բոլոր կողմերի հետ էլ ունենք դրական, կառուցողական աշխատանքային մթնոլորտ։
«Ազատություն». - Իսկ կարո՞ղ եք այսօր գաղտնազերծել, նախկին իշխանության օրոք եղե՞լ են ճնշման փորձեր, փորձեն Ձեզ մեսիջներ ուղարկել և այլն։
Թաթոյան. - Իմ նկատմամբ երբեք ճնշման փորձ չի եղել։
«Ազատություն». - Իսկ ուղղորդե՞լ։
Թաթոյան. - Ո՛չ, ինձ ո՞վ կարող է ուղղորդել։ Դա նշանակում է, ես անիմաստ եմ աշխատում այս պաշտոնում, դա բացառված է։
«Ազատություն». - Իրենք էին Ձեզ ընտրել։
Թաթոյան. - Ես այնպես էի ինձ պահում, որ որևէ մեկը չէր կարող իրեն թույլ տալ ուղղորդել ինձ, Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ էր նշանակում, դա նշանակում էր Մարդու իրավունքների պաշտպանի կառույցի պարզապես կործանում, իսկ մենք այսօր ունենք ամենաբարձր միջազգային հեղինակությունը։
«Ազատություն». - Բայց ասացիք, որ բարդ էր աշխատանքը։
Թաթոյան. - Բարդ էր, այո՛, որովհետև, պատկերացրեք, օրինակ, ոստիկանությունն այդքան շատ բերման ենթարկելու հետ կապված խախտումներ էր համակարգային թույլ տալիս, հիմա պատկերացրեք ինչպե՞ս բարդ չէր լինի, որովհետև մենք անընդհատ զբաղվում էինք քննադատությամբ, խնդիրները վեր հանելով, էլ չասեմ, որ ապրիլ-մայիսյան իրադարձությունների ավարտին ընդհանրապես որոշ կառույցների հետ խզված էին բոլոր հարաբերությունները։
«Ազատություն». - Այսինքն՝ ինչ-որ առումով խոչընդոտված էր Ձեր աշխատանքը։
Թաթոյան. - Չէի ասի՝ խոչընդոտված էր, բարդ էր։ Իմ աշխատանքի խոչընդոտ չի եղել։ Մի քանի փորձեր եղել են, մենք խիստ արձագանքել ենք, այդ թվում՝ քրեական պատասխանատվության ուժով, և կարծում եմ, որ որևէ մեկը չի կարող իրեն թույլ տալ մեր աշխատանքի հանդեպ խոչընդոտ, որովհետև դա նախ՝ օրենքն է բացառում, և երկրորդը՝ մեր միջազգային հեղինակությունն այնքան բարձր է, որ երկիրը չի կարող գնալ դրան, ավելին ասեմ՝ մենք այսօր պետական մարմինների հետ ունենք շատ բարձր որակի հարաբերություններ։ Օմբուդսմանն այն պաշտոնն է, կամ այն ինստիտուտն է, որ պետք է աշխատի և՛ քաղաքացիական հասարակության հետ, և՛ պետական ինստիտուտների հետ, բայց երբեք չպետք է ասոցացվի պետական կառավարման ապարատի հետ որպես դրա բաղկացուցիչ մասը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ