Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունում ոչինչ չի փոխվել․ Ժաննա Ալեքսանյան


Armenia -- A military helmet, undated

Զինված ուժերում երեկ մահվան երկու դեպք է գրանցվել:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների,19 ամյա ժամկետային զինծառայող Կարեն Կարապետյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել, իսկ մեկ այլ զորամասի բուժակ, նույնպես 19 տարեկան Համլետ Ավագյանը, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը, մահացել վնասվածքներից:

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի նախնական գնահատմամբ՝ առաջինը միջանձնային հարաբերությունների հետևանք է, երկրորդը՝ դժբախտ պատահար։ - «Սայթաքել ընկել է բարդ պայմաններում: Ինքը բուժակ է եղել, փորձել է բուժօգնության հասնել ոչ ծանր պայմաններում՝ ուղղակի առողջական խնդրով մարդու», - նախնական վարկածը ներկայացրեց Հովհաննիսյանը:

«Այս գործով առայժմ նյութեր են նախապատրաստվում», - «Ազատությանը» փոխանցեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, իսկ Կարեն Կարապետյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ - «Սպանության հոդվածով ընթանում է այս պահին նախաքննություն և արդեն իսկ ձերբակալված անձ ունենք»:

Տղայի ծառայակիցը ձերբակալված է։

Տարեսկզբից մինչև այժմ զինված ուժերում մահվան 11 դեպք է գրանցվել, հակառակորդի գնդակից մահվան դեպք չկա։ Դատախազի խորհրդականն առանձնացնում է․ զինծառայության հետ կապված մահերը 5-ն են՝ 4 դեպքով քրեական գործ է հարուցվել։

«Քրեական գործերից 2-ը հարուցվել են սպանության հատկանիշներով, մեկը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, մեկը զինվորական ծառայությանը անփույթ վերաբերվելու հատկանիշներով», - մանրամասնում է Աբրահամյանը՝ հավելելով՝ մյուս վեց դեպքերը զինվորական ծառայության հետ կապ չունեն․ - «Չորսը պայմանագրային զինծառայողներ են, որոնք վթարի են ենթարկվել լինելով քաղաքացիական մեքնաներում՝ յուրաքանչյուրը իր անձնական գործերով»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վերապահումներ ունի՝ ինչպե՞ս է որոշվում՝ մահը զինծառայության հետ կապ ունի թե ոչ: - «Հունվարի 1-ի դեպքը, որը հայտարարվեց մեկուկես ամիս հետո՝ զինծառայողը մահացել է մարտական հենակետում, դեպքի վայրում: Եվ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ՝ մենք չենք տեղեկացրել հանրությանը, քանի որ զինծառայության հետ կապ չունեցող մահ էր: Ինձ համար, և ընդհանրապես, եթե զինծառայող է, ուրեմն կապ ունի»:

Մինչդեռ, Արծրուն Հովհաննիսյանի կարծիքով, տարանջատումը հստակ է․ - «Եթե դա ծառայությունից դուրս է, զորամասի մշտական տեղակայման կամ մարտական խնդրի տեղակայման վայրում չէ, երթուղում չէ, ավտովթար է, անձնական առողջության խնդիր է և այլն»:

Զինված ուժերում նախորդ տարի զինծառայողի մահվան 63 դեպք է գրանցվել։ Մահացու միջադեպերի մեծ մասը առաջնագծում է կամ առաջնագծին մոտ զորամասում։ Մահվան պատճառների մեջ գերակշռում է ինքնասպանությունը կամ ինքնասպանության հասցնելը, ավտովթարները, դժբախտ պատահարները:

«Եթե համեմատենք 2017 թվականի հետ, ունենք էական նվազում՝ մոտավորապես 17 տոկոսի չափով: 2017 թվականին ունեինք 76 դեպք», - ասում է Գոռ Աբրահամյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը թվերին չի վստահում, միջադեպերի հետ կապված քննություններին նույնպես: - «Մեկ տարին շուտով կլրանա, որ տեղի է ունեցել հեղափոխություն: Պաշտպանության նախարարությունում ոչինչ չի փոխվել: 11 ինքնասպանության դեպք հենց այդ ընթացքում, երբ որ հեղափոխությունն է տեղի ունեցել՝ մայիսից մինչև հոկտեմբերի 1-ը», - շեշտում է իրավապաշտպանը:

Հարուցված քրեական գործերում այս պահին որևէ բարձրաստիճան զինվորական ներգրավված չէ։ Արծրուն Հովհաննիսյանի պնդմամբ՝ չկա այնպիսի հրամանատար, որի զորամասում դեպք արձանագրվի ու նա չպատժվի: - «Պատիժները շատ տարբեր են լինում՝ սկսած իր ֆինանսական, ծառայողական առաջընթացի կասեցում, պաշտոնանկությունը, նկատողություն», - թվարկում է ՊՆ խոսնակը:

«Դե ուրեմն՝ թող հրապարակեն՝ տեսնենք ո՞վ է կրել պատասխանատվություն: Մենք չենք տեսել հրապարակային որևէ մեկին, որը պատասխանատվություն է կրել՝ զորամասի հրամանատար», - հակադարձում է Ժաննա Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG