Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը սկսեց ապամոնտաժել Օպերայի շրջակայքի կանաչ գոտում գտնվող սրճարանները


Քաղաքապետրանն այսօր կեսօրին սկսեց Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ դարձավ:

Քաղաքապետրանն այսօր կեսօրին սկսեց Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժումը, ինչը դրանց աշխատակիցների բողոքի պատճառ դարձավ:

«Շոկոլոդնիցա» սրճարանի մենեջերը «Ազատության» հարցին պատասխանելով ասաց, որ տարածքն ազատելու մասին դեռ դեկտեմբերին քաղաքապետարանի արած հայտարարությանը լուրջ չեն վերաբերվել․ - «Եթե պետության հետ կնքած պայմանագիր ունենք մինչև 26 թվականը ուժի մեջա հլը, հիմա պիտի վախենա՞նք․․․ էլ ո՞նց կարելի ա բիզնես անել էս երկրում, ո՞նց հավատանք սրանց: Կարող ա սրանք էլ հելնեն, ուրիշը գա, ստե էլի կաֆե սարքի․․․ ուրիշը գա ու ասի՝ չէ, էն ժամանակ ավելի լավ էր․․․ Բա էդ գառանտիան ո՞վ ա տալու, որ ստեղ ոչ մեկ ոչ մի բան չի անելու»:

Սրճարանների աշխատակիցների հետ նախ հանդիպեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Երևանում կան տարածքներ, որոնք սրբության նման պետք է պահել․ - «Տարիների ընթացքում կաֆեները կազմել են Երևանի ինքնության մաս, կոլորիտով․․․ այդ ամբողջը լավ հասկանում ենք: Բայց էս մասը, որ անմիջապես հարում է Օպերայի շենքին․․․ Մենք անգամ ուզում ենք էս Թատերական հրապարակը բարեկարգենք»:

Սրճարանների աշխատակիցներն իրենց բողոքի ակցիայի վրա ուշադրություն հրավիրելու համար բարձր երաժշտություն էին միացրել, ու դեռևս տարածքում մնացած սեղանների վրա խմիչքով լի բաժակներ շարել:

Օպերայի տարածք եկած Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ չի հասկանում թե ինչու են սրճարանների աշխատակիցները քաղաքապետարանի այսօրվա գործողություններն անսպասելի գնահատում․ - «Փետրվարի 13֊ին ուղարկվել է ծանուցում տնտեսվարողներին՝ խնդրելով որ ողջամիտ ժամկետներում ազատել իրենց գույքը, նաև մաքրել տարածքը ինքնակամ կառույցներից: Ողջամիտ ժամկետն անցել է»:

Երբ ապամոնտաժողները սրճարաններին պատկանող գույքը տեղավորեցին քաղաքապետարանի մեքենաների մեջ, սրճարանների աշխատողները ընդվզեցին:

Կողմերը պայմանավորվեցին հարցը քննարկել քաղաքապետարանում․ մինչ այդ դադարեցնելով ապամոնտաժման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանում սրճարանների և քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև քննարկումն ավարտվեց ուշ երեկոյան: Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողներին հայտնեց, որ արդեն վաղվանից սկսելու են ստուգումներ անցկացնել, պարզելու, թե որքանով են իրականությանը համապատասխանում սրճարանատերերի պնդումները վարկային պարտավորություններ ունենալու մասին:

Կենտրոն համայնքի ղեկավարն ասաց, որ հայտնի չէ՝ առավոտյան կշարունակվեն աշխատանքները թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG