Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ-ի դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման խթանման գործում, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Սոլվակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել կառույցում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների առաջմղմանը: Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի հետ ակտիվ գործակցությունը կնպաստի կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր՝ ընդգծելով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները միասնական ջանքերով դիմագրավելու անհրաժեշտությունը:
Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել այս ուղղությամբ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը: Նա անդրադարձ է կատարել խաղաղության գործընթացի շրջանակներում նախատեսվող առաջիկա քայլերին:
Կողմերը կարևորել են խաղաղության համար նպաստավոր մթնոլորտի ձևավորման, մարդկանց միջև շփումների խթանման, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրման ուղղությամբ արժանահավատ քայլերի ձեռնարկումը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
ԵԱՀԿ գործող նախագահին այսօր ընդունել են նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Սարգսյանը Լայչակի հետ հանդիպման ժամանակ մասնավորապես կարևորել է ԵԱՀԿ-ի գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաև որպես երկխոսության, վստահության և համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ, ասված է նախագահականի հողարդագրությունում:
Միրզոյանն էլ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության` որպես միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափի ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Նա առանձնահատուկ ընդգծել է բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը, ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Ազգային ժողովի նախագահը նշել է՝ խնդրի կարգավորումը երկկողմանի գործընթաց է, և խաղաղության հաստատման հարցում կարևոր է երկրների իշխանությունների ու ժողովուրդների կամքը: Նրա խոսքով` Հայաստանը խաղաղությանը միտված իր ջանքերին ի պատասխան համանման մոտեցում ակնկալում է նաև ադրբեջանական կողմից: Արարատ Միրզոյանի կարծիքով՝ պետք է շարունակաբար ավելացնել և՛ Մինսկի խմբի համանախագահների, և՛ փորձագետների այցերն Արցախ՝ տեղում խնդիրներին ծանոթանալու նպատակով: