Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գող ու բռնապետ է անվանել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ կողմերի միջև սկիզբ առած հերթական վիճաբանությունից հետո:
«Հեյ, Նեթանյահու, կարգի հրավիրիր քեզ, դու բռնապետ ես, որը 7-ամյա պաղեստինցի երեխաների է կոտորում: Մի սադրեք մեզ, հակառակ դեպքում՝ մենք կստիպենք ձեզ պատասխան տալ միջազգային մակարդակով», - հայտարարել է Էրդողանն Անկարայում՝ նախընտրական հանրահավաքում:
Կողմերի միջև այս լարվածությունը սկսվել էր օրեր առաջ, երբ Նեթանյահուն հայտարարել էր, թե Իսրայելը միայն հրեաների պետությունն է: Ի պատասխան՝ Էրդողանի խոսնակը երեկ Թվիթերում պնդել էր, թե դա խտրականության աղաղակող դրսևորում է, ու հիշեցրել, որ Իսրայելում ավելի քան 1,5 միլիոն մահմեդական արաբ է ապրում:
Ժամեր անց Նեթանյահուն արձագանքել էր. «Թուրքիայի բռնապետ էրդողանը Իսրայելի ժողովրդավարության վրա է հարձակվում, մինչ իր բանտերը լցրել է լրագրողներով ու դատավորներով: Շատ ծիծաղելի է»:
Իսրայելն ու Թուրքիան ժամանակին սերտ դաշնակիցներ էին, սակայն Էրդողանի օրոք Անկարան դարձել է Իսրայելի ամենակոշտ քննադատներից մեկը: