Մատչելիության հղումներ

Դատարանը հետաձգեց Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդության քննությունը։

Դատական նիստից հետո 2008-ի մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մի քանի ժամ տևած նիստի ընթացքում քննիչը ներկայացրել է իրենց միջնորդությունը, որին էլ միացել են դատախազները։ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն է դիմել դատարան՝ խնդրելով ևս երկու ամսով երկարացնել Քոչարյանի կալանքի ժամկետը։

Ռոբերտ Քոչարյանն այսօր նիստին չէր մասնակցում, ըստ փաստաբանի՝ նպատակահարմար չի համարել։

«Մի քանի ոչ պարզ դրվագներ կային՝ կապված միջնորդության հետ, որի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ: Սա էր․․․ զուտ տեխնիկական խնդիրներ կային», - ասաց Ալումյանը:

Սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի փաստաբանը հայտարարեց, որ այս պահին դատավոր Արամ Բեկթաշյանին բացարկ ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։

Ըստ փաստաբանի, Հատուկ քննչական ծառայությունը նույն փաստարկներն է բերում, որ եթե Քոչարյանը գտնվի ազատության մեջ, ապա կխոչընդոտի նախաքննությանը, կամ էլ կարող է խուսափել քննությունից։

Ալումյանն ասաց, որ իրենք վաղն արդեն դատարանում կհնչեցնեն իրենց գնահատականները։

Իսկ հարցին, թե որոնք են իրենց փաստարկները՝ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու օգտին, Ալումյանը պատասխանեց․ - «Առաջին փաստարկը նա է, որ ոչ թե մենք պիտի ապացուցենք, որ պարոն Քոչարյանը չպիտի կալանքի տակ մնա, այլ մյուս կողմը պիտի ապացուցի, որ դա անհրաժեշտություն է: Դեռ ես չեմ հանդիպել մի դատական նիստ էս ամբողջ ընթացքում, որտեղ որ իրենք կարողանան էդ անհրաժեշտությունն ապացուցել: Ուրիշ բան է, թե ինչ ազդեցությունների տակ են դատարանները մինչև հիմա էդ որոշումները կայացրել․․․ Քաղաքական բառը չասեմ, բայց էն գաղտնալսումները և հատկապես դրա վերաբերյալ պարոն Փաշինյանի պարզաբանումները և ՀՔԾ ու ԱԱԾ ղեկավարների պարզաբանումները, մասնավորապես, պարոն Փաշինյանը երբ որ ասել էր, որ դատավորի կողմից իրեն մեսիջ է եղել-հասել, որ գործը ջուր է: Ես էլ ասում, որ գործը ջուր է»:

ՀՔԾ-ն վերջերս հայտարարել էր Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի մասով նախաքննության ավարտի մասին և գործի նյութերն ուղարկել կողմերին ծանոթացման։

Ալումյանն ասաց, որ ծանոթացման ընթացքում չեն հանդիպել այնպիսի ապացույցների, որոնք կհիմնավորեն Քոչարյանին ներկայացվող մեղադրանքները թե՛ սահմանադրական կարգը տապալելու, և թե՛ կաշառք ստանալու մեղադրանքներով։

Քոչարյանի՝ կաշառք ստանալու մեղադրանքի հիմքում հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներն են այն մասին, թե կլորիկ գումար է տվել գործարար Սամվել Մայրապետյանին՝ Քոչարյանին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին փոխանցելու համար։

Ալումյանն ասաց, թե Համբարձումյանի ցուցմունքները հակասական են․ - «Կաշառքի դրվագով Սիլվա Համբարձումյանի ցուցմունք էլ պարոն Քոչարյանի դեմ ապացույց, որպես էդպիսին, չի»:

«Անգամ գործի նյութերին ծանոթանալուց հետո էլ հասկանալի չեն մեղադրանքում առկա որոշ արտահայտություններ», - շարունակեց Քոչարյանի փաստաբանը․ - «Որոշվեց մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակում ընթացող ցույցը: «Որոշվեց» բառը հասկանալի չէ․․․ Չի գրած՝ Ռոբերտ Քոչարյանը որոշեց, չի գրած՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ էսինչ մեկը որոշեց: Գրած ա՝ որոշվեց: Առանց հստակեցնելու: Եթե պարոն Քոչարյանին վերագրվում է, որ ինքը որոշեց, էդ դեպքում գրված կլիներ՝ ինքը որոշեց»:

Ալումյանը հայտարարեց, որ այս գործով որպես վկա հարցաքննված Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել․ - «Պարոն Սարգսյանը տվել է ցուցմունք գործի առնչությամբ, և էդ ցուցմունքը վառ երևակայություն ունեցող անձը հազիվ թե կարողանա օգտագործել պարոն Քոչարյանի դեմ»:

Ըստ Ալումյանի, անգամ ներկայումս վարչապետի խորհրդական, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի ցուցմունքների հիման վրա չէր կարելի Քոչարյանին մեղադրանք առաջադրել։ Կարապետյանը, ըստ պաշտպանական կողմի, Քոչարյանի դեմ ցուցմունք էր տվել։

Ալումյանն ասաց, որ Վճռաբեկ դատարան ներկայացրած իրենց երկու բողոքներից դեռևս նորություն չունեն՝ հավելելով, որ դժգոհ են այս ատյանից։

Նշենք, որ օրենքով դատարանը եռամսյա ժամկետում է որոշում կայացնում ընդունել գործը վարույթ, թե ոչ, այս ժամկետը դեռ չի լրացել։

Նախկին նախագահը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից։ Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր ՀՔԾ միջնորդությունը և երկու ամսով երկարացրել Քոչարյանի կալանքի ժամկետը։

Դատարանի այս որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG