Մատչելիության հղումներ

2018 թվականին կոռուպցիոն քրեական գործերով հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնատար անձ


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

2018 թվականին մի քանի անգամ ավելացած կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել աննախադեպ թվով՝ 470 պաշտոնատար անձ, տեղեկացնում է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը։

Ըստ դատախազության տարածած հազորդագրության, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախության հատկանիշներով նախապատրաստվել է 189 նյութ: Նշված հանցագործության վերաբերյալ 2018-ին վարույթում քննվել է 206 քրեական գործ, որոնցով քրեական հետապնդման է ենթարկվել 63 անձ: Դադարեցվել է վեց մեղադրյալի պաշտոնավարում, դատի է տրվել 13 անձ։

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացման կամ վատնման հատկանիշներով նախապատրաստվել է 447 նյութ, որից 383-ով հարուցվել է քրեական գործ: Նախապատրաստված նյութերը 2017թ. համեմատ ավելի են եղել շուրջ 12 անգամ, հարուցված քրեական գործերը՝ շուրջ 11 անգամ, իսկ վարույթում քննվող քրեական գործերի քանակը՝ մոտ 5 անգամ: 9 մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է, դատի է տրվել 53-ը։

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքերով նախապատրաստվել է 396 նյութ, որից 214-ով հարուցվել է քրեական գործ: 2018-ին այս հանցատեսակի հատկանիշներով վարույթում քննվել է 311 քրեական գործ, որից ավարտվել է 133-ի վարույթ: Հետապնդման է ենթարկվել ընդհանուր 78 անձ, ինչը 15,2 տոկոսով քիչ է 2017-ի համեմատ: Դադարեցվել է 17 մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 28 անձ։

Պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով նախապատրաստվել է 164 նյութ, որից 115-ով հարուցվել է քրեական գործ: Նշված հանցագործության վերաբերյալ տարվա ընթացքում վարույթում քննվել է 163 քրեական գործ, որից ավարտվել է 77-ի վարույթը: Դատարան է ուղարկվել երեք գործ: Քրեական հետապնդման է ենթարկվել 23 անձ, դատի է տրվել 6-ը:

Պաշտոնեական կեղծիք կատարելու համար նախապատրաստվել է 143 նյութ։ Դրանցից 100-ով հարուցվել է քրեական գործ։ Վարույթում քննվել է 139-ը, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 35 տոկոսով: Քրեական հետապնդման են ենթարկվել 117-ը, դատի է տրվել 32-ը։ Այսինքն 2018-ին կրկնակի ավելացել է ինչպես այս հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկված, այնպես էլ դատի տրված անձանց քանակը:

Փողերի լվացման դեպքերի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 2017թ. այս հանցակազմի հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործեր չեն հարուցվել: 2018 թվականին վարույթում քննվել է 12 քրեական գործ, որոնցից ավարտվել է մեկի վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական հետապնդման է ենթարկվել վեց անձ, դատի է տրվել մեկը:

Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու հատկանիշներով նախապատրաստվել է 180 նյութ, որոնցով հարուցվել է 154 քրեական գործ: Ինչպես նախապատրաստված նյութերի, այնպես էլ հարուցված և վարույթում քննված քրեական գործերի քանակը, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը մի քանի տասնյակ անգամ գերազանցում են 2017թ. ցուցանիշները: Յոթ անձ պաշտոնից հեռացվել է, դատի է տրվել 12-ը։

Կաշառք ստանալու, տալու և դրանց միջնորդելու հատկանիշներով ընդհանուր նախապատրաստվել է 197 նյութ, որից 153-ով հարուցվել է քրեական գործ: Ընդհանուր առմամբ 2018 թվականին նախորդող տարվա համեմատ մոտ երեք անգամ ավելի են եղել նշված երեք հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2,7 անգամ՝ հարուցված քրեական գործերը և երկու անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը: Ի տարբերություն վերոնշյալի՝ 2018-ի մոտ 12 տոկոսով ավելի քիչ են եղել մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը: Քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 241 անձ, 10 անձի պաշտոնավարումը դադարեցվել է: Դատի է տրվել 108 անձ։

Ըստ տարածած հաղորդագրության՝ քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ քրեական գործերի զգալի մասի նախաքննությունը փոխանցվել է 2019 թվական:

Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, որոնցից 470-ը եղել են պաշտոնատար անձինք:

Ըստ Գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի՝ քրեական հետապնդման են ենթարկվել, մասնավորապես, Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ երեք հարկադիր կատարողներ, ՊԵԿ պաշտոնատար 14 անձ, ԱԻՆ հրշեջ մեկ փրկարար, ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի երկու տեղակալ, ՔԿ 7 քննիչ, դատախազության նախկին մեկ քննիչ, ԱԱԾ և Զինված ուժեր՝ 4 անձ, ԱՆ քրեակատարողական վարչության 15 աշխատակիցներ:

Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Մասնավորապես՝ առողջապահության ոլորտում` 14 անձ, կրթության ոլորտում` 35 անձ, պետական գնումների ոլորտում` երկու անձ, սոցիալական ապահովության ոլորտում` 56 անձ, էներգետիկ և բնական պաշարների ոլորտում` վեց անձ, տեղական ինքնակառավարման ոլորտում՝ 73 անձ, պաշտպանության ոլորտում՝ 131 անձ, այլ ոլորտներում՝ 91 անձ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG