ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել օրենսդրական փաթեթին, որն ուղղված է Կրեմլի ագրեսիվ քաղաքականության դեմ և պահանջում է հետաքննել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված կոռուպցիոն գործարքներն ու մեխանիզմները:
Նախագծերից մեկն, օրինակ, ամերիկյան հետախուզությունից ու ֆինանսների նախարարությունից պահանջում է 180 օրվա ընթացքում տվյալներ ներկայացնել Պուտինի եկամուտների և կարողությունների մասին: Փաթեթի մյուս օրինագիծը, որ կոչվում է KREMLIN Act, ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարից պահանջում է 90-օրյա ժամկետում զեկույց-գնահատական տալ «Ռուսաստանի քաղաքական վերնախավի մտադրությունների» և «Ռուսաստանի կողմից Միացյալ Նահանգների ու ՆԱՏՕ-ի նկատմամբ հնարավոր սպառնալիքների» վերաբերյալ:
Օրենքի ուժ ստանալու համար փաթեթը պետք է դեռ հավանության արժանանա Սենատում և ստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: