Մատչելիության հղումներ

«Փաշինյանի ելույթը գրված ելույթ էր՝ հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով». Մարուքյան


Առաջին անգամ համակարգված ձևով Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հղեց ուղերձ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը դա շատ կարևոր ուղերձ էր, երկրորդը՝ Փաշինյանի ելույթը բավականին համապարփակ ելույթ էր։ Նաև կարևորում եմ, որ գրված ելույթ էր, այսինքն՝ հստակ մտածված, հստակ շեշտադրումներով, հստակ ուղերձներով, և երևի թե առաջին անգամ համակարգված ձևով նոր իշխանությունը Հայաստանի Արցախի հարցում հղեց ուղերձ», - ասաց Մարուքյանը։

«Ազատության» հարցին, թե ո՞վ էր այդ ուղերձի հասցեատերը, Մարուքյանը պատասխանեց. - «Միջազգային հանրությանը, Ադրբեջանին, և ես կասեի, որ դրանք ներքին օգտագործման ուղերձներ չէին ավելի շատ, այլ արտաքին օգտագործման ուղերձներ էին, և այս առումով սպասում ենք բանակցություններին»։

Մարուքյանը վերահաստատեց՝ Արցախի ներկայացուցիչների վերադարձը բանակցային սեղան «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար առաջնահերթություն է։

«Մենք այդ մասով աջակցում ենք իշխանությանը, և ես կարծում եմ, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված Հայաստանում կա հստակ կոնսենսուս և աջակցություն օրվա իշխանությանը, որ այդ խնդիրը մինչև վերջ տարվի առաջ», - ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավարը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ երեկ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:

Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց՝ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG